ԳլխավորԼուր

Ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն. ԱԳՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պաշտպանին է տրամադրել սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված պաշտոնական դիրքորոշում:

«Հայաստանի Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը:

ՀՀ ԱԳՆ-ն տրամադրել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում: Ստորև այն հրապարակում եմ ամբողջությամբ.

«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ  գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:

Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։

Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։

Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։

Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:

Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Comment here