ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները գնդացրային կրակահերթ են արձակել Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Ասկերան

Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից 2022թ. փետրվարի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում, խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում:

Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը: