ԳլխավորԼուր

Ամեն բան անսպասելի սկսվեց. գնդակոծվում է նաև Վերին Հոռաթաղը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղն այժմ գտնվում է հակառակորդի կրակոցների տակ, գյուղի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ. այս մասին Usanogh.am-ին հայտնեց գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Մարտիրոսյանը.

«Ամեն բան բավական անսպասելի սկսվեց: Գյուղապետից որևէ հրահանգ չի եղել, տագնապի ազդանշան չի հնչել պարզապես գյուղացիներով ամեն մեկս մեր ապաստարաններում ենք: Ադրբեջանական կողմը, որքան հասկանում ենք, ամեն տեսակի զենք էլ կիրառում է…Չգիտենք` այս վիճակը որքան կշարունակվի, մեր ամուսինները սահմանին են, մենք` այստեղ…»:

Նշենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի տարբեր հատվածներում: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են ԼՂ ուղղությամբ ռազմական հարվածների տեսանյութեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ղարաբաղում սկսել է տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ Telegram-ի իր ալիքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել:

Այսօր առավոտյան, ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե իբր արցախյան կողմը դիվերսիոն գործողություններ է իրականացրել, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից 6 ադրբեջանցի է զոհվել։ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիոն ներթափանցում անելու մասին Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը։