ԳլխավորԼուր

Կայացել է ԱրՊՀ միջազգային ամառային դպրոց-ճամբարի բացումը

ԱրՊՀ ուսանողները՝ Պատարայի ճամբարում

Օգոստոսի 2-ի երեկոյան Արցախի Պատարա համայնքի մերձակայքում գտնվող ԱրՊՀ տարածքում տեղի է ունեցել օգոստոսի 1-ից 10-ը անցկացվող ԱրՊՀ ամառային միջազգային դպրոց- ճամբարի պաշտոնական բացումը, որին մասնակցում են 100 ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից։ Բացման արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հյուրեր, ճամբարականներ։

Բացման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ճամբարի նպատակն է ամրապնդել միջբուհական համագործակցությունը, ուսանողների ամառային հանգիստը կազմակերպել արդյունավետ, ուսուցողական ծրագրերով, և տարեցտարի ճամբարին մասնակցել ցանկացողների թվի աճը վկայում է, որ նպատակն արդարացված է:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ևս ողջունել և արդյունավետ ու բովանդակալից օրեր է մաղթել ճամբարականներին՝ կարևորելով ճամբարի միջոցով հայրենաճանաչողություն, ազգային-պետական շահերին համահունչ սերնդակրթություն ապահովելու, բարոյական ու ազգային նորմերը պահպանելու անհրաժեշտությունը և ի դեմս երիտասարդության՝ կարողանալ բարձր պահել Արցախի անունը և տերը լինել Արցախի:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արման Այվազյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այսօր Արցախում է ՝ ճամբարին մասնակցելու նպատակով:

«Իմ ու Արցախի նախորդ հանդիպումը պատերազմի դժվար օրերին էր, բայց չեմ ուզում ջնջել իմ այդ հիշողությունները, որովհետև ինձ համար Արցախը հայրենիքիս մի մասնիկն է: Կարևորելով նմանատիպ միջոցառումները և ուսանողների ներգրավումը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամբարի կազմակերպիչներին: Ճամբարի շնորհիվ կունենամ վառ հիշողություններ, որ Արցախ ասելիս հպարտության ու նվիրումի զգացողությունից բացի, զգամ նաև ուրախություն»,-նշել է Արման Այվազյանը:

Բացման արարողությանը ճամբարականները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով, ցուցադրվել է տեսանյութ՝ ճամբարային առօրյայի մասին պատմող։