ԳլխավորԼուրՀայաստանս

Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը

Հանրահավաք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։

Հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։

Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։

2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հունիսի 24-ին արգելապատնեշները հեռացվեցին ճանապարհից։