ԳլխավորԼուր

Կամավոր ատեստավորում` մի շարք բացերով ու կոռուպցիոն ռիսկերով. որո՞նք են դրանք

Կամավոր ատեստավորում

ՀՀ կառավարության` 2022-ի  ապրիլի 28-ի որոշմամբ  սահմանվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Կարգի համաձայն, «սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը»:

2022թ. «Եվրասիա համագործակցության» հիմնադրամի կողմից հրապարակված հետազոտությունից տեղեկանում ենք, որ միջազգային պրակտիկայում կարևոր հարց է, թե որքան պետք է խրախուսվեն ուսուցիչները, որքան պետք է լինի աշխատավարձերի տարբերությունը: Հայաստանի պարագայում կամավոր ատեստացիան հաղթահարած, տարակարգ ունեցող ուսուցիչների և մյուս ուսուցիչների աշխատավարձի միջև տարբերությունը, սակայն, շատ մեծ է ստացվում.

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Չիլիում, Հունգարիայում, Իսրայելում, Անգլիայում ամենաբարձր վարձատրվող ուսուցչի աշխատավարձը 150 տոկոսով է բարձր սկսնակ ուսուցչի աշխատավարձից։ Կոլումբիայում և Մեքսիկայում ամենաբարձր վարձատրվող ուսուցիչները 3 անգամ են ավելի շատ ստանում սկսնակներից։ Հայաստանում կամավոր ատեստացիան հաղթահարած, բարձրագույն 4-րդ տարակարգ ունեցող ուսուցիչը ստանալու է 400 հազար դրամ աշխատավարձ, իսկ կամավոր ատեստացիա չանցած, տարակարգ չունեցող ուսուցիչը 108 հազար դրամ։ Այսինքն՝ տարբերությունը գրեթե 4 անգամ է»,-ասված է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ կարգում կան  անհամամասնություններ առարկաների միջև։ Օրինակ՝ եթե ուսուցիչը դպրոցում դասավանդում է մեկից ավել առարկաներ և հաջողությամբ հաղթահարում է այդ առարկաներից որևէ մեկի կամավոր ատեստացիան, ապա նա հավելավճար է ստանում նաև մյուս առարկաների ժամաքանակների համար. «Հայոց լեզվի ուսուցիչները քննություն չեն հանձնում «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներից, իսկ պատմության ուսուցիչները հանձնում են և՛ «Հայոց պատմություն», և՛ «Համաշխարհային պատմություն» առարկաներից։ Ատեստացիայի այս համակարգը լուրջ անհամաչափություններ ունի տարբեր առարկաների պարագայում։ Օրինակ՝ «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա», արվեստի ոլորտի առարկաներից հնարավոր չէ թեստերով ստուգում անցկացնել։ Խնդիր կա նաև դասվարների մասով։ Եթե դասվարներին հարցեր տրվեն 4-րդ դասարանից բարձր դասարանների թեմաներից, ապա դա արդար չի լինի: Բայց մինչև 4-րդ դասարանի թեմաներն էլ այնքան պարզ են, որ դրանք հաղթահարելը հեշտ կլինի»,-ասված է հետազոտության մեջ։

Այդ պատճառով կարգում նշվում է, որ այս առարկաների ատեստացիայի ժամանակ կարող են օգտագործվել գործնական առաջադրանքներ։ Ավելին, այս առարկաների ատեստացիան կարող են անցկացնել մասնագիտացված բուհերը։ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչները նույնպես կարող են ատեստացիան հանձնել մասնագիտացված բուհում՝ գործնական աշխատանքների միջոցով, որոնք կարող են պարունակել բաց և փակ հարցեր. «Այսպիսով, հաշվի առնելով առարկաների յուրահատկությունները՝ նախարարությունն առաջարկում է տարբերակված մոտեցումներ։ Այս դեպքում կարող են առաջանալ որոշակի կոռուպցիոն ռիսկեր, տարբեր բուհերում կարող են լինել տարբեր մոտեցումներ»,-նշված է հետազոտության մեջ։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ