ԳլխավորԼուր

Ամեն 4-րդ ուսուցիչ ուզում է փոխել աշխատանքը. փոխնախարար

Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ մենք շեշտադրում ենք այն հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են, այսպես կոչված, մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։

Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։

Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։

Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»,-գրել է նա։