ԳլխավորԼուր

Լույս է տեսել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող գիրքը

Գիրք՝ Ռոբերտ Աբաջյանի մասին

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին, Գրողների միությունում տեղի ունեցավ նրա հուշերի ու կյանքի մասին գրքի շնորհանդեսը։ Հեղինակը՝ լրագրող Լիլիթ Հարությունյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գրքում անդրադարձել է նաև Ռոբերտի հրամանատարներին, ընկերներին, նրա հետ նույն դիրքում եղած մյուս զինվորներին։

Գրքի լույս տեսնելուն Ռոբերտի հարազատներն ու ծնողները սպասել են գրեթե 2 տարի։ Հայրն ինքն է որոշել, որ հենց Լիլիթը պետք է դառնա որդու մասին գրքի հեղինակը։ Գիրքը հուշագրություն է, հեղինակը նշում է, որ մինչ այն ամբողջացնելը ընտանիքը իր կարճ հուշագրություններից մեկն էր կարդացել ու հավանել։ «Երբ նրա ընտանիքի հետ ծանոթացա, հասկացա, որ նրա տեսակի մասին պետք է գրել։ Իրենց ընտանիքի օրինակով ցանկացա ցույց տալ, որ Երևանում՝ ամենապարզ կենցաղով ապրող ընտանիքում, այսքան հայրենասեր ու ամուր կամքով կարգին տղա մեծանալ ու հերոս դառնալ, անել այդ հերոսությունը ու այն էլ ծայրահեղ գիտակցմամբ, հնարավոր է»,- նշեց հեղինակը։

Լիլիթը կարևոր է համարում այն, որ հուշերը գրի է առել հենց Մարտակերտում։ Նա եղել է դիրքերում, հարցուփորձ արել գրեթե բոլորին, ով նույնիսկ մի փոքր կապ է ունեցել Ռոբերտի հետ։ «Գրքում բացահայտումներ էլ կան․ պատմություններ, որոնք Ռոբերտի հարազատները, ընտանիքի անդամները որևէ մեկին երբևէ չեն պատմել։ Նաև պատմություններ կան Մարտակերտից, հրամանատարը անձամբ ցույց է տվել, թե արկը որտեղ է պայթել»,- ընդգծեց գրքի հեղինակը։

Լիլիթը վստահեցնում է, որ նման գրքերը պետք է շարունակեն լույս տեսնել, և չի բացառում, որ իր՝ հերոսներին անդրադառնալու գործունեությունը այսքանով չի ավարտվելու։ Շեշտում է, որ յուրաքանչյուր զորամաս ունենալու է գրքի իր օրինակը․ իրենք անձամբ են դրանք զորամասեր հասցնելու։ Հեղինակը նշում է, որ հետագայում հնարավոր կլինի գիրքը նաև գրախանութներում գտնել՝ ընդգծելով, որ այն վաճառելու նպատակ չունեն։

Comment here