Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է, թե որ գրքերն են առավել պահանջված եղել Հայաստանի գրադարաններում 2026 թվականի հունվար ամսին։
«2026թ. հունվարի Հայաստանի գրքային քարտեզի կազմմանը մասնակցել են Ազգային գրադարանը, 10 մարզային, 6 քաղաքային և 2 համայնքային գրադարան իրենց մասնաճյուղերով։ Գեղարվեստական գրականության միացյալ ցուցակում 107 անուն գիրք է ընդգրկված։
Աշխարհում ամենաշատ թարգմանվող հեղինակի, դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի 10, հայ նշանավոր վիպասան Րաֆֆու և թուրք գրող Էլիֆ Շաֆաքի 4, Խալեդ Հոսեյնիի, Մարկ Լևիի, Ռուբեն Եսայանի, Ուիլյամ Սարոյանի, Ռեմարկի և Աննա Ջեյնի գրքերից 3-ական անուն առավել պահանջված գրքերի ցուցակում են։
Ցուցակը գլխավորում է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը» վեպը։ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակը, Գրիգոր Զոհրապի նովելները, Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծությունները և այլ դպրոցական հանձնարարություններ նույնպես տեղ են գտել գրադարանների առավել մեծ պահանջարկ ունեցող գրքերի տասնյակներում։
Հունվար ամսվա միացյալ տասնյակի երկրորդ հորիզոնականում հանրահայտ բեսթսելլերների հեղինակ Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքն է։ Նրան հաջորդում է երտասարդության կողմից սիրված հեղինակ Ռուբեն Եսայանը իր «Մարդասպանը ես եմ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքերով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



