ԳլխավորԼուր

Մարտ ամսվա գրքերի թոփ տասնյակը Ազգային գրադարանում

Գրքեր՝ Ազգային գրադարանում

Գարնան առաջին ամսին Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներին սպասարկված գեղարվեստական գրականության պատվերները հետևյալ թոփ տասնյակն են ձևավորել.

«Առաջին հորիզոնականում անգլիացի աշխարհռչակ գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպն է։ Ավելի քան 133 տարի այս վեպը դուրս չի մնում աշխարհում ամենից շատ տպագրվող և կարդացվող գրքերի ցուցակներից: Այն պատմում է հոգին սատանային վաճառած և դրա փոխարեն հավերժական գեղեցկություն և երիտասարդություն ձեռք բերած հերոսի մասին:

Երկրորդ հորիզոնականում «Եզոպոսի առակները» գիրքն է, որը հավանաբար ցուցակում հայտնվել է բուհական որևէ ուսանողական խմբի պատվերի արդյունքում:

3-4-րդ հորիզոնականները սպասարկման հավասար ցուցանիշներով կիսում են «Անտարես» և «Զանգակ» հրատարակչությունների կողմից տպագրված երկու գիրք՝ ճապոնացի անգլիագիր գրող Կազուո Իշիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» վեպը և ամերիկացի գրող Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» հանրաճանաչ պատմությունը:

Լավագույն հնգյակը եզրափակում է բոլոր ժամանակների դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը: Շուրջ մեկ տարի է, որ Ագաթա Քրիստիի վեպերը ամրագրել են իրենց տեղը ՀՀ գրադարանների թոփ տասնյակներում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ գրադարանի տասնյակում Ագաթա Քրիստիից ևս մի վեպ կա՝ «Մահ ամպերի մեջ»:

Հարյուրամյակները հաջորդում եմ մեկը մյուսին, բայց Շեքսպիրը ժամանակից դուրս է: Առավել ևս մեծ դրամատուրգի «Համլետը», որը գրադարանում պատվիրվել է 11 անգամ:

Ցուցակը եզրափակում են Թոմ Հենքսի «․․․Այն, ինչ զգում է իմ սիրտը» նուրբ հումորով գրված պատմվածքների ժողովածուն, Վլադիմիր Նաբոկովի ամենահալածական «Լոլիտան» և Ուիլյամ Գոլդինգի այլաբանական «Ճանճերի տերը»:

Մարտյան տասնյակում վեպեր են, պատմվածքներ, առակներ և մեկ ողբերգություն: Տեսնենք արդյոք կփչեն բանաստեղծական քամիներ ապրիլյան ցուցակի առագաստներին»,-հայտնում են Ազգային գրադարանից: