ԳլխավորԼուր

Լույս է տեսել Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը՝ ռումիներեն

Հովիկ Աֆյան

Ռումիներեն թարգմանությամբ լույս է տեսել Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը (թարգմանիչ՝ Sergiu Selian), որը գրողի առաջին վեպն է։ Մինչ այդ նա հանդես է եկել փոքր արձակի ժանրում։ Վեպն իր կառուցվածքով նման է ավարտուն պատմվածքների ժողովածուի, որտեղը մեկը շարունակում է մյուսին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

«Այս պատմությունը մարդկանց մասին է, որոնց կռիվը երբեք չի ավարտվում», — ասել է Հովիկ Աֆյանը գրքի մասին:

Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

«Չկա պատերազմից բացի որևէ այլ իրավիճակ, երբ և որտեղ կարող ես տեսնել մարդուն իր ամբողջ էությամբ, ուժով, ապիկարությամբ, հոգով, մտքով, սրտով, ցանկություններով, երազանքներով, անաստվածությամբ, բարությամբ, տխրությամբ ու նույնիսկ ծիծաղով»- նշել է հեղինակը։

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։