ԳլխավորԼուր

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը միջազգային մրցույթում ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»

Հովիկ Աֆյանի «Կարմիրը» ստեղծագործությունը միջազգային մրցույթում ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»։ Այս մասին տեղեկանում ենք Աֆյանի ֆեյսբուքյան էջից։

«Քանի որ պատահական բաներ չեն լինում, ասեմ, որ հենց այն ժամանակ, երբ փաստորեն սկսվեց «Քաղցր կյանք»-ը, պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում:

Ու քանի որ «Կարմիր»-ն ամբողջ մրցույթում (հարյուրավոր գրքերի մեջ) միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար:

Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց հրաշալի (ու նույնիսկ հուզիչ) օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,-գրել է արձակագիրը։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում է՝ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

Այս գիրքը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում: