ԳլխավորԼուր

Իմ առաջին գրադարանը. Խնկո Ապոր անվան գրադարանը գրքեր նվիրեց նորածիններին

2022թ. փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:

Այս մասին նշված է գրադարանի ֆեյսբուքյան էջում։

Գրքերը նվիրաբերվեցին Գրքի տոնին ընդառաջ, որն առաջին հերթին նպատակ ունի սերմանել գրքի նկատմամբ սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանության դերն ու նշանակությունը, վաղ տարիքից ստեղծել երեխայի անձնական գրադարանը:

Գրքերի նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկներին էլ գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով: