ԳլխավորԼուր

«Քննադատական մտածողության դպրոց»՝ ուսանողների համար

2021 թ. դեկտեմբերի 10-12-ը Երևանում կազմակերպվելու է «Քննադատական մտածողության դպրոց»:

Քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքներին նվիրված դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանալու ծանոթանալու քննադատական մտածողության մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։

Հատուկ ուշադրության են արժանանալու նաև կրթական հիմնախնդիրները, ուսանողական ժողովրդավարության հիմունքների քննարկումը և բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերը։

Նշենք, որ դասընթացի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, ինչպես նաև գործնական աշխատանք:

Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը, տրամադրելու համապատասխան գիտելիքներ տեղեկատվական հոսքերում ճիշտ կողմնորոշվելու համար։ Պարապմունքների ընթացքում անդրադարձ կլինեն նաև հայաստանյան բուհական համակարգում ուսանողական ժողովրդավարության հարցերին, խոչընդոտներին և հնարավորություններին։

Համալսարանականները դպրոցին մասնակցելու համար պետք է առցանց հայտ լրացնեն մինչև ս.թ. դեկտեմբերի 3-ը: Ինքնակենսագրականը (CV) պետք է ուղարկել akhachatryan@epfound.am էլ. հասցեին, վերնագրի հատվածում գրելով՝ «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի անուն, ազգանուն»:

Հարկ է նշել, որ մասնակցությունը դասընթացին անվճար է։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (ժամը՝ 10:00-19:00-ն), ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

Դպրոցն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: