ԳլխավորԼուր

Լույս է տեսել Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը

Ժամանակակից հայ գրող Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները՝ թեմատիկ ընտրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը։ Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գիրքը նվիրված է ականավոր պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին։

«Մեր պատանի տարիքում հանդիպեցինք և դարձանք երեք ընկեր՝ ես, դու, Կարենը։ Քայլում էինք Երևանի փողոցներում, իսկ առջևից մեր տեսլականն էր գնում՝ անկախ, հզոր, Հայաստանը։ Կարեն Ավետիսյանը զոհվեց 1990 թվականի մարտի 22-ին մեր ազատամարտում՝ մեր անկախության համար։ Դու ամրագրեցիր մեր ազատությունը՝ վստահեցնելով, որ հազարամյակների խորքից ենք գալիս և վաստակել ենք նոր հազարամյակներ գնալու իրավունքը։ Ես մեր նոր անկախության, վերակերտած պետականության մասին, որն Արցախյան ազատամարտով էինք նվաճել, գրեցի բանաստեղծություն։ Ճիշտ եմ համարում մեր անկախության և գոյապայքարի 30-ամյակի առիթով հրատարակվող այս գիրքը, քո թույլտվությամբ, ընծայագրել քեզ։ Ինչպես իմ առաջին և քո առաջին գրքերն էին ընծայագրված Կարենին։ Այս գրքում կրկին միասին ենք՝ ես, դու, Կարենը։ Քայլում ենք Երևանի փողոցներում, իսկ մեր առջևից գնում է մեր տեսլականը՝ ինքնիշխան, հզոր Հայաստանը»,-գրքում նշում է Հուսիկ Արան։