ԳլխավորԼուր

Ներկայացվել է Հայաստանի հունվար ամսվա գրքային քարտեզը

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է Հայաստանի հունվար ամսվա գրքային քարտեզը։ Այս քարտեզը ցույց է տալիս, թե որ գրքերն են եղել Հայաստանի մարզային գրադարանների 2023-ի հունվարին սպասարկված գեղարվեստական գրքերի թոփ տասնյակների առաջին հորիզոնականում: Երկու կրկնվող հեղինակ կա. Ալեքս Մայլքլիդիսը և Ագաթա Քրիստին:

Արագածոտնի և Արմավիրի մարզերում ընթերցողները առավել հաճախ գրադարանից վերցրել են կիպրական ծագմամբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» և «Լռակյաց հիվանդը» վեպերը: «Լռակյաց հիվանդը» Մայքլիդիսի առաջին վեպն է: 2019 թվականին այն Ամազոն առցանց գրախանութի ամենաշատ վաճառված 2-րդ գեղարվեստական գիրքն է եղել: «Կույսերը» վեպը հոգեբանական դետեկտիվ է Քեմբրիջի համալսարանում տեղի ունեցած սերիական սպանությունների մասին։ Մայքլիդիսի վեպերը տեղ են զբաղեցրել նաև Արարատի, Լոռու և Վայոց Ձորի մարզային գրադարանների տասնյակներում:

Հայաստանի հունվար ամսվա գրքային քարտեզը

Ամենակարդացվող հեղինակը դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է: Նրա գրքերն ընդգրկվել են 9 մարզային գրադարանների թոփ տասնյակներում: Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզային գրադարաններում Ագաթա Քրիստին ներկայացված է մեկից ավելի, իսկ Կոտայքում՝ անգամ՝ չորս գրքով: Պատահական չէ, որ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Կոտայքի, իսկ «Սպանություն արևելյան ճեպընթացում» վեպը Շիրակի տասնյակներն են գլխավորում:

Ընթերցողները նախապես հերթագրվում են ամերիկացի գրողներ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» և Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», ինչպես նաև գերմանացի գրող Շամիսսո Ֆոն Ալդելբերտի «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» վեպերը վերցնելու համար:

Երեք մարզերում ցուցակների առաջատար հեղինակները հայ գրողներ են: Սյունեցիները գերադասում են Ստեփան Զորյանի «Պատմվածքներ և վիպակներ» ժողովածուն, իսկ Վայոց Ձորում՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Ժամանակակից հեղինակ Գոհար Նավասարդյանի վեպերը տեղ են գտել Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի և Տավուշի ցուցակներում, իսկ Արարատում նրա «Սիրելուց հետո» վեպը ամենապահանջարկվածն է:

Թոփ տասնյակներում ժամանակակից հայ գրողներից ընդգրկված են նաև Աշոտ Աղաբաբյանը, Հովիկ Աֆյանը, Մարգարիտ Դերենցը, Նարինե Աբգարյանը, Սյունե Սևադան և ուրիշներ:

Քարտեզի ձևավորումը` Անդրանիկ Հովհաննիսյանի