ԳլխավորԼուր

Ի՞նչ են կարդում Հայաստանի գրադարաններում. հունվար

Երեխան գիրք է կարդում

Հունվարին Հայաստանի գրադարանների ամենապահանջված գեղարվեստական գրքերի ցուցակներում 89 գիրք կա, որից 28-ը հայ հեղինակների գրքեր են, հայտնում են Ազգային գրադարանից:

Այս ամիս հանրապետության առաջատար հանրային գրադարաններում ընթերցողական պատկերի ավելի քան մեկ տարվա ուսումնասիրության մեջ առաջին անգամ գրադարանների թոփ տասնյակներում չափածո գրքեր են հայտնվել: «Մեղավորը» մեր գրականության հարյուրամյա միշտ երիտասարդ Պարույր Սևակն է: Ընթերցողները գրադարաններում հերթի են կանգնում նրա բանաստեղծությունները և «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» գրքերը տուն տանելու համար:

Հունվարյան ցուցակում ևս մի հայ գրող կա: Թեև Րաֆֆու «Սամվելը» այժմ դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկում չէ, սակայն այն դեռ շատերն են կարդում և վեպն իրավամբ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:

Ժամանակակից գրող, ութ վեպի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը աշնան վերջին լույս տեսած իր «Սև հովազ-1» գրքով վստահորեն զբաղեցրել է ամենապահանջարկված գրքերի տասնյակի երկրորդ հորիզոնականը: Ընդ որում, Աշոտ Աղաբաբյանը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ դարձել է մայրաքաղաք Երևանի գրադարաններում ամենաշատ կարդացվող հեղինակը:

Առաջատար քառյակում գրեթե հավասար սպասարկման ցուցանիշներով իրար հաջորդում են Ագաթա Քրիստիի «Հինգ խոզուկները» և Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը»: Դետեկտիվի թագուհին հայ ընթերցողին ևս մի քանի նոր հայերեն թարգմանություններով է ներկայացել, ուստի 2024-ին ևս կշարունակվի Ագաթա Քրիստիի գրքերի ընթերցողական բարձր պահանջարկը: Հունվարյան տասնյակում է նաև Ագաթա Քրիստիի «Սպանություն արևելյան ճեպընթացում» գիրքը, որը ամիսներ շարունակ ընդգրկվել է Լոռու մարզային գրադարանի առավել պահանջված գրքերի առաջին հորիզոնականում:

Վերջին ամիսներին հունական արմատներով ժամանակակից բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի վեպերը ամենաընթերցվող գործերից են: Նրա «Լռակյաց հիվանդը», «Կույսերը», ինչպես նաև Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» և Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եզրափակում են գրադարանների ամենապահանջված գրքերի ցուցակը: