ԳլխավորՄի կտոր գիրք

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի». Ռեյ Բրեդբերի

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի գրող Ռեյ Դուգլաս Բրեդբերիի (22.08.1920-05.06.2012) «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953 թ.) ստեղծագործությունից։

***

Նրանց գլխավերեւում խշշացող ճյուղերը չոր տերեւների անձրեւ տեղացին։ Աղջիկը կանգ առավ։ Անակնկալի գալով՝ նա ուզում էր ետ ցատկել, բայց սոսկ անքթիթ նայեց Մոնթագին։ Նրա մուգ, կայծկլտուն ու կենսախինդ աչքերն այնպես շողացին, ասես ինչ֊որ փաղաքուշ խոսք լսեց։ Սակայն Մոնթագը գիտեր, որ ինքը ողջունեց նրան։ Ապա նկատելով, որ աղջիկը կախարդվածի պես նայում է իր համազգեստի թեւքի սալամանդրի եւ կրծքի փյունիկի պատկերներին, հարցրեց․

— Դուք մեր նոր հարեւանուհի՞ն եք։

— Իսկ դուք, հավանաբար…,— վերջապես նա հայացքը կտրեց նրա մասնագիտական նշաններից,— հրկիզո՞ղ եք։— Աղջկա ձայնը մարեց։

— Այդ ի՞նչ տարօրինակ ձեւով ասացիք։

— Ես… ես գլխի կընկնեի նույնիսկ աչքերս փակ,— ցածրաձայն ավելացրեց նա։

— Նավթի հոտից, չէ՞։ Կինս միշտ դժգոհում է։— Մոնթագը ծիծաղեց։— Երբեք հնարավոր չէ մաքուր լվանալ։

— Այո, հնարավոր չէ,— չգիտես ինչու վախվորած ասաց աղջիկը։

Մոնթագին թվաց, թե նա պտտվում է իր շուրջը, շուռումուռ է տալիս իրեն, թեթեւակի թափահարում, դատարկում գրպաններն՝ առանց որեւէ շարժումի։

— Նավթի հոտը,— ձգվող լռությունը խզելու համար ասաց նա,— ինձ համար ասես օծանելիքի բույր լինի։

— Իսկապե՞ս։

— Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ։

— Չգիտեմ,— առժամանակ մտածելուց հետո պատասխանեց նա, ապա շրջվեց իրենց տների կողմը։— Կարելի՞ է քայլել ձեզ հետ։ Իմ անունը Քլարիս Մըքլելըն է։

— Քլարիս… Ես Գայ Մոնթագն եմ։ Գնացինք։ Մենակ ի՞նչ եք անում այս ուշ ժամին։ Քանի՞ տարեկան եք։

Տաք, հողմաշունչ գիշերվա մեջ նրանք քայլում էին լուսնից արծաթազօծ մայթով․ Մոնթագին թվում էր, թե օդը հագեցած է թարմ ծիրանի բույրով։ Նա նայեց շուրջը եւ հասկացավ, որ խաբկանք է։ Չէ՞ որ ուշ աշուն էր։ Ո՛չ, այդ ամենը չկար։ Կար միայն կողքից քայլող աղջիկը, որի դեմքը ձյան պես փայլածում էր լուսնի լույսի տակ։ Նա զգում էր, որ Քլարիսը մտորում է իր տված հարցերի շուրջը, որպեսզի ավելի լավ պատասխան տա։

— Դե՛,— վերջապես ասաց նա,— ես տասնյոթ տարեկան եմ եւ խենթ։ Քեռիս պնդում է, թե մեկն անխուսափելիորեն ուղեկցում է մյուսին։ Նա ասում է՝ եթե տարիքդ հարցնեն, միշտ պատասխանիր, որ տասնյոթ ես եւ խենթ… Գիշերով զբոսնելը հաճելի է, չէ՞։ Ես սիրում եմ զննել իրերը, հոտոտել, երբեմն ամբողջ գիշերը թափառում եմ եւ դիմավորում արեւածագը։

Որոշ Ժամանակ նրանք քայլում էին լուռ։ Հանկարծ աղջիկը մտախոհ ասաց․

— Գիտե՞ք, ես ձեզնից ամենեւին չեմ վախենում։

— Իսկ ինչո՞ւ պիտի վախենայիք,— զարմացած հարցրեց Մոնթագը։

— Ձեզնից, այսինքն՝ ուզում եմ ասել՝ հրկիզողներից, շատերն են վախենում։ Բայց դուք էլ, ի վերջո, նույնպիսի մարդ եք…

Նրա աչքերում, ինչպես ջրի երկու զուլալ կաթիլներում, Մոնթագը տեսավ իր արտացոլանքը՝ խավար, պստլիկ, բայց ճշգրիտ, նույնիսկ բերանի շուրջը եղած փոսիկներն էին երեւում,— ասես նրա աչքերը մանուշակագույն սաթի երկու կախարդական բեկորներ էին, որ իրենց մեջ էին առել իր պատկերը։ Իր կողմը շրջված աղջկա դեմքը նման էր հանդարտ, անմար լույս ճառագող դյուրաբեկ, կաթնագույն բյուրեղի։ Ծակող ու վառ էլեկտրական լույս չէր դա, այլ մոմի՝ տարօրինակ կերպով հանգստացնող, չափազանց մեղմ ցոլանք։ Երեխա ժամանակ, վթարի հետեւանքով մի անգամ էլեկտրական լույսը մարեց, եւ մայրը գտավ ու վառեց վերջին մոմը։ Այդ կարճ միջոցին, հրաշալի հայտնագործությունների այդ պահին, աշխարհն ասես փոխվեց, տարածությունը դադարեց անսահման լինելուց՝ հարմարավետորեն խտացավ նրանց շուրջը։ Մայր ու որդի մի տեսակ կերպարանափոխված նստել էին՝ սրտանց ցանկանալով, որ էլեկտրականությունը հնարավորին չափ ուշ միացվի…

Հանկարծ Քլարիսն ասաց․

— Կարելի՞ է մի հարց տալ… Վաղո՞ւց եք հրկիզող աշխատում։

— Քսան տարեկանից։ Արդեն տասը տարի է։

— Իսկ դուք երբեւէ կարդո՞ւմ եք ձեր այրած գրքերը։

Մոնթագը ծիծաղեց․

— Դա պատժվում է օրենքով։

— Հասկանալի է։

— Հիանալի աշխատանք է։ Երկուշաբթի Միլլեյի գրքերն այրել, չորեքշաբթի՝ Ուիթմենի, ուրբաթ՝ Ֆոլկների։ Վառել—մոխրացնել, հետո էլ մոխիրն այրել։ Սա է մեր մասնագիտության նշանաբանը։

Նրանք մի քիչ քայլեցին, ապա աղջիկն ասաց․

— Ասում են՝ ժամանակին հրշեջներ են եղել, որ հրկիզողների նման ոչ թե վառել, այլ հանգցրել են հրդեհները, ճի՞շտ է։

— Ո՛չ, շենքերը միշտ էլ հրակայուն են եղել, կարող եք չկասկածել։

— Տարօրինակ է։ Ես լսել եմ, որ առաջներում տներն այրվել են անզգուշության հետեւանքով, եւ հրշեջներ էին պետք կրակը հանգցնելու համար։

Մոնթագը ծիծաղեց։

Աղջիկը թռուցիկ հայացք նետեց նրա կողմը։

— Ինչո՞ւ եք ծիծաղում։

— Չգիտեմ։— Նա կրկին ծիծաղեց, բայց հանկարծ լռեց։— Իսկ ի՞նչ կա որ։

— Դուք ծիծաղում եք, թեպետ ես ոչ մի ծիծաղելի բան չասացի, եւ ամեն ինչի պատասխանում եք անմիջապես։ Երբեք չեք մտածում իմ հարցրածի մասին։

Մոնթագը կանգ առավ։

— Դուք իրոք որ տարօրինակ եք,— ասաց նա՝ նայելով աղջկան։— Ի՞նչ է, բոլորովին չե՞ք հարգում ձեր զրուցակցին։

— Ես չէի կամենում ձեզ վիրավորել։ Պարզապես շատ եմ սիրում ուսումնասիրել մարդկանց։

— Իսկ սա մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում։— Նա թեթեւ մատնահարեց իր սեւաթույր բաճկոնի թեւքին դաջված 451 թիվը։

— Հուշում է,— շշնջաց աղջիկը եւ արագացրեց քայլերը։— Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե հրթիռային ավտոմեքենաները ինչպես են սլանում բուլվարին հարող մայրուղիով։

— Խոսակցության նյո՞ւթն եք փոխում։

— Երբեմն ինձ թվում է, թե դրանց վարորդները չգիտեն՝ ինչ են խոտը կամ ծաղիկները։ Չէ՞ որ այդ ամենը նրանք կարող են տեսնել միայն մեծ արագության ընթացքում,— շարունակեց նա։— Ցույց տվեք կանաչ բիծ, եւ նրանք կասեն․ «Օ՜, այո՛, խոտ է»։ Ցույց տվեք վարդագույն բիծ, կասեն՝ վարդանոց է։ Սպիտակ բծերը շենքեր են, դարչնագույնը՝ կովեր։ Մի անգամ քեռիս փորձեց մեքենան վարել ժամում քառասուն մղոն արագությամբ, նրան ձերբակալեցին եւ երկու օր բանտ նստեցրին։ Ե՛վ ծիծաղելի է, եւ՛ տխուր, այնպես չէ՞։

— Դուք չափազանց շատ եք մտածում,— անհարմար զգալով ասաց Մոնթագը։

— Ես հազվադեպ եմ հեռուստատեսային հաղորդումներ դիտում, գրեթե չեմ այցելում զվարճավայրեր, այդ պատճառով էլ խելացնոր մտքերը հաճախ են այցելում ինձ։ Տեսե՞լ եք քաղաքից դուրս տանող ճանապարհին տեղադրված ազդավահանակները։ Այժմ դրանց երկարությունը երկու հարյուր ոտնաչափ է, իսկ գիտե՞ք, որ ժամանակին ընդամենը քսան ոտնաչափ են եղել։ Հիմա մեքենաներն այնքան մեծ արագություն են զարգացնում, որ ստիպված են եղել ազդագրերը մեծացնել, այլապես ոչ ոք չէր կարող կարդալ։

— Ո՛չ, չգիտեի,— պոռթկաց Մոնթագի ծիծաղը։

— Իսկ ես մի բան էլ գիտեմ, որ դուք երեւի չգիտեք։ Առավոտները կանաչի վրա ցող է իջնում։

Նա այդպես էլ չկարողացավ հիշել երբեւէ իմացե՞լ է, թե ոչ եւ հանկարծ նեղսրտեց։

— Իսկ եթե այնտեղ նայեք,— Քլարիսը գլխով շույց տվեց երկինքը,— ապա լուսնի վրա մարդ կտեսնեք։

Բայց Մոնթագը վաղուց առիթ չէր ունեցել երկնքին նայելու… Նրանք շարունակեցին քայլել, աղջիկը՝ մտախոհ, Մոնթագը՝ սրտնեղած եւ անհարմարության զգացումից ժամանակ առ ժամանակ նրա վրա կշտամբալից հայացքներ նետելով։ Երբ մոտեցան աղջկա տանը, բոլոր պատուհանները վառ լուսավորված էին։

— Ի՞նչ է կատարվում այստեղ,— բնակելի տներում այդպիսի լուսավորություն Մոնթագը երբեւէ չէր տեսել։

— Ոչինչ էլ չի պատահել։ Պարզապես մայրիկս, հայրիկս եւ քեռիս միասին նստել ու զրուցում են։ Այժմ դա նույնքան հազվադեպ է, որքան ոտքով քայլելը։ Ես ձեզ ասացի՞, որ քեռուս մի անգամ էլ ձերբակալեցին։ Այո՛, այն պատճառով, որ քայլում էր։ Օ՜, մենք շատ տարօրինակ ենք։

— Բայց ինչի՞ մասին են զրուցում։

Աղջիկը ծիծաղեց։

— Բարի գիշեր,— ասաց նա եւ շրջվեց տան կողմը։ Հանկարծ կանգ առավ, ասես ինչ֊որ բան հիշելով՝ կրկին մոտեցավ Մոնթագին ու զարմանքով ու հետաքրքրասիրությամբ նայեց նրա դեմքին։

— Դուք երջանի՞կ եք,— հարցրեց։

— Ինչ ասացի՞ք,— բացականչեց Մոնթագը։

Բայց աղջիկն արդեն գնացել էր․ նա վազում էր լուսնի լույսով ողողված ճանապարհով։

Տան դուռը կամացուկ փակվեց։

— Երջանի՞կ եմ, արդյոք, ես։ Ամենամեծ հիմարությունը, որ երբեւէ լսել եմ։

Մոնթագն այլեւս չէր ծիծաղում։

***

Նրանք աղմուկով խուժեցին տուն եւ բռնեցին կնոջը, չնայած նա չէր էլ փորձում փախչել կամ թաքնվել։ Նա կանգնած էր, օրորվելով նայում էր առջեւի դատարկ պատին, ասես շշմել էր գլխին իջած հարվածից։ Շուրթերն անձայն շարժվում էին, աչքերում այնպիսի արտահայտություն կար, կարծես ջանում էր ինչ֊որ բան հիշել, բայց չէր կարողանում։ Վերջապես հիշեց, եւ նրա շրթունքները դողալով արտաբերեցին․

— Արիացեք, Ռիդլի։ Աստծո ողորմածությամբ այսօր Անգլիայում մենք այնպիսի մոմ կվառենք, որ վստահ եմ, նրանք երբեք չեն կարող հանգցնել։

— Վերջ տվեք,— ասաց Բիթին։— Որտե՞ղ են նրանք։

Մեծագույն անտարբերությամբ նա ապտակեց կնոջը եւ կրկնեց հարցը։ Ծեր կինը հայացքը սեւեռեց Բիթիին։

— Դուք գիտեք, թե որտեղ են, այլապես այստեղ չէիք լինի,— ասաց նա։ Ստոնմընը մեկնեց քարտի վրա գրված հեռախոսային ահազանգի տեքստը, «Հիմքեր կան կասկածելու Էլմ—Սիթիի № 11 տան ձեղնահարկը։ Է․ Բ․»։

— Հավանաբար միսիս Բլեյքն է՝ իմ հարեւանուհին, — ասաց կինը՝ կարդալով սկզբնատառերը։

— Դե լավ, տղաներ։ Ի՛ գործ։

Հաջորդ վայրկյանին արդեն հրկիզողները, փայլփլող փոքրիկ կացինները ճոճելով, վազում էին աստիճաններով, ջարդում էին չկողպված դռները, դատարկ սենյակների խավարում բախվում էին իրար, անկարգ երեխաների նման ուրախ աղմկելով ու գոռալով։

— Հե՜յ, էհե՜յ։

Գրքերի հեղեղ թափվեց Մոնթագի գլխին, երբ նա ծանր սրտով, սարսռալով բարձրանում էր ուղղաձիգ սանդուղքով։ Ինչ վատ եղավ։ Առաջներում ոչ մի հարց չէր ծագում… Նախ հայտնվում էին ոստիկանները, կպչուն ժապավենով փակում զոհի բերանը եւ կապկպելով, գցում էին փայլփլուն բզեզանման մեքենայի մեջ, ինչ֊որ տեղ տանում։ Երբ հրկիզողները տեղ էին հասնում, տունն արդեն դատարկ էր լինում։ Ոչ մեկին ցավ չէին պատճառում, միայն իրերն էին ջարդում։ Իսկ իրերը ցավ չեն զգում, նրանք չեն գոռում, չեն արտասվում, ինչպես կարող է գոռալ եւ արտասվել այդ կինը։ Եվ խիղճդ հետո չէր տանջում։ Սոսկ մաքրում էին․ հավաքարարի աշխատանք։ Արագությամբ, ամեն ինչ տեղը—տեղին։ Նավթ լցրեք։ Ո՞վ լուցկի ունի։

Բայց այսօր ինչ֊որ մեկը սխալ էր թույլ տվել։ Այդ կինն իր ներկայությամբ փչացնում էր ողջ ծիսակարգը։ Այդ պատճառով էլ բոլորը ձգտում էին հնարավորին չափ շատ աղմկել, կատակել, ծիծաղել, որպեսզի խլացնեն նրա լռության դատապարտող կշտամբանքը։ Թվում էր՝ կինը ստիպել է դատարկ պատերին աղաղակել վրդովմունքից, սենյակներում դեսուդեն նետվող մարդկանց վրա թափել մեղքի մանր փոշի, որը սողոսկում էր նրանց ռունգերի մեջ, թափանցում հոգին… Շփոթմունք է, անազնիվ գործ։ Հանկարծ Մոնթագը չարացավ։ Իբր քիչ հոգս ուներ, հենց միայն այդ էր պակաս։ Այդ կինը այստեղ չպիտի լիներ։

Գրքերը թափվում էին Մոնթագի ուսերին, ձեռքերին, վեր պարզած դեմքին։ Ահա ճերմակ աղավնու պես թեւերը թափահարելով, մի գիրք հնազանդորեն իջավ ուղիղ նրա ձեռքերի մեջ։ Աղոտ, երերուն լույսի տակ հատ—հատ գեղագիր բաց էջը առկայծեց որպես ձյունաճերմակ փետուր։ Աճապարանքի եւ եռուզեռի մեջ Մոնթագի հայացքը սոսկ մի ակնթարթ սահեց նրա վրայով, բայց կարդացած տողերը շամփրեցին նրա ուղեղը եւ դրոշմվեցին, ինչպես շիկացած երկաթի խարան։ «Թվում էր թե ժամանակը խոնջացած նիրհում է՝ միջօրեի արեւի տակ»։ Նա վայր գցեց գիրքը։ Եվ անմիջապես մեկ ուրիշն ընկավ ձեռքի մեջ։

— Հե՜յ, ո՞վ կա ներքեւում։ Մոնթագ, այստեղ արի։

Մոնթագի ձեռքը ամուր ճմլեց գիրքը, մոլի հավատացյալի նման սեղմեց կրծքին։ Ձեղնահարկում, փոշու ամպ հանելով՝ հրկիզողները խառնշտում էին ամսագրերի կույտերն ու ցած շպրտում։ Խփված թռչունների պես դրանք ընկնում էին, իսկ կինը, փոքրիկ աղջկա պես հնազանդ, կանգնել էր այդ մեռած մարմինների մեջ։

Ո՞չ, Մոնթագն ինքը ոչինչ չի արել։ Ամեն ինչ արել է նրա ձեռքը։ Նրա ձեռքն իր սեփական ուղեղն ունի, ամեն դողացող մատի մեջ խիղճ ու հետաքրքրասիրություն կա։ Եվ այդ ձեռքը հանկարծ գող դարձավ։ Ահա նա գիրքը խոթեց թեւի տակ, ամուր սեղմեց քրտնած մարմնին եւ դուրս եկավ դատարկ… Ձեռնածուի ճարպկություն։

— Տեսեք, ոչինչ չկա։ Խնդրեմ, ես անմեղ եմ։ Ոչինչ չկա։

Նա ապշահար ու լարված զննում էր այդ սպիտակ ձեռքը, մերթ հեռատեսությամբ տառապող մարդու նման հեռացնում իրենից, մերթ կույրի պես մոտեցնում քթին։

— Մո՞նթագ։

Հոգոց հանելով նա շրջվեց։

— Հեռացե՛ք այդտեղից, ապո՛ւշ։

Գրքերը թափված էին, ինչպես թարմ ձկան շեղջերը ափին, որոնց հետո աղ էին դնելու։ Հրկիզողները ցատկոտում էին նրանց վրայով, սայթաքում, ընկնում։ Ոսկետառ վերնագրերը փայլատակում էին եւ մարում…

— Նա՜վթ։

Պոմպերը միացրին, եւ նավթի սառը շիթերը դուրս ժայթքեցին 451 թվակիր բաքերից․ յուրաքանչյուր հրկիզողի մեջքին փոկերով ամրացված էր այդպիսի մի բաք։ Նրանք նավթով ողողեցին սենյակները, ապա փութկոտ իջան սանդուղքով։ Նավթի գոլորշուց շնչահեղձ Մոնթագը գայթելով քայլում էր վերջում։

— Դո՛ւրս եկեք,— կարգադրեցին նրանք կնոջը։— Շո՛ւտ։

Նա ծունկի էր իջել խառնիխուռն թափված գրքերի մեջ, մատներով քնքշորեն հպվում էր թրջված կազմերին, շոշափում ուռուցիկ վերնագրերը, ապա կշտամբանքով նայեց Մոնթագին։

— Դուք չեք ստանա իմ գրքերը,— վերջապես ասաց նա։

— Օրենքը ձեզ հայտնի է,— ասաց Բիթին։— Որտե՞ղ է ձեր ողջամտությունը։ Այս գրքերում ամեն ինչ հակասական է։ Իսկական բաբելոնյան խառնաշփոթություն։ Եվ դուք տարիներ շարունակ փակվել եք այստեղ։ Դեն նետեք այդ ամենը, ազատություն ձեռք բերեք։ Այդ գրքերի հերոսները երբեք գոյություն չեն ունեցել։ Հիմա գնացինք։

Կինը գլուխն օրորեց։

— Այժմ ամբողջ շենքը կայրվի,— ասաց Բիթին։

Հրկիզողների տձեւ կերպարանքներն ուղղվեցին դեպի դուռը։ Նրանք նայեցին Մոնթագին, որ կանգնած էր կնոջ կողքին։

— Հո նրան այստեղ չե՞նք թողնելու,— զայրացած գոչեց Մոնթագը։

— Նա չի ուզում հեռանալ

— Պետք է ստիպել։

Բիթին բարձրացրեց ձեռքը, որի մեջ վառիչն էր։

— Մենք պետք է վերադառնանք հրակայան։ Սակայն այս մոլեռանդները միշտ փորձում են ինքնասպանություն գործել։ Հայտնի բան է։

Մոնթագը բռնեց կնոջ թեւքից։

— Եկեք ինձ հետ։

— Ո՜չ,— ասաց նա։— Համենայն դեպս, ձեզնից շնորհակալ եմ։

— Հաշվում եմ մինչեւ տասը,— ասաց Բիթին։— Մեկ, երկու…

— Խնդրում եմ,— ասաց Մոնթագը կնոջը։

— Հեռացե՜ք,— ասաց կինը։

— Երեք, չորս…

— Դե, խնդրում եմ,— Մոնթագը կնոջը քաշեց իր ետեւից։

— Ես կմնամ այստեղ,— ցածրաձայն պատասխանեց նա։

— Վեց…

— Կարող եք այլեւս չհաշվել,— ասաց կինը։ Նա բացեց մատները, եւ նրա ափի մեջ երեւաց մի փոքրիկ, բարակ փայտիկ։

Սովորական լուցկու հատիկ էր։

Տեսնելով այդ՝ հրկիզողները աճապարանքով դուրս նետվեցին տնից։ Հրկիզապետ Բիթին, արժանապատվությունը չկորցնելով, դանդաղ նահանջեց դեպի ելքի դուռը։ Նրա վարդագույն դեմքին հազարավոր հրդեհների ու գիշերային տագնապների փայլն էր վառվում։

— Աստված իմ,— մտածեց Մոնթագը,— որքան ճիշտ է։ Տագնապի ահազանգերը միշտ գիշերն են լինում։ Ցերեկը՝ երբեք։ Մի՞թե պատճառն այն է, որ հրդեհն ավելի գեղեցիկ է գիշերը։

Դռների մեջ տատամսող Բիթիի դեմքին խուճապ հայտնվեց։ Կնոջ ձեռքը սեղմում էր լուցկու միակ հատիկը։ Օդը հագեցած էր նավթի կոկորդ քերող հոտով։ Մոնթագն զգաց, թե ինչպես է թաքցրած գիրքը կենդանի սրտի նման բաբախում թեւատակին։

— Հեռացեք,— ասաց կինը։

Մոնթագն զգաց, որ ինքը Բիթիի ետեւից շարժվում է դեպի դուռը, ապա աստիճաններով իջնում ցած, քայլում մարգագետնի կողմը, որտեղ երեւում էր նավթի մուգ, չարագույժ օձի նմանվող հետագիծը։

Կինը գնում էր նրանց ետեւից։ Նա կանգ առավ առմուտքի հարթակին եւ երկար, հանդարտ հայացք ձգեց նրանց վրա։ Նրա լռությունը դատապարտող էր։

Բիթին չխկացրեց վառիչը։

Բայց նա ուշացավ։ Մոնթագը սարսափից քարացավ։

Շեմին կանգնած կինը քամահրական հայացք նետելով նրանց վրա՝ լուցկին քսեց բազրիքին։

Մարդիկ տներից դուրս վազեցին փողոց։

***

Ամբողջ օրը նրանք կարդում էին, իսկ երկնքից նոյեմբերյան սառն անձրեւը թափվում էր խաղաղված տան վրա։ Նրանք կարդում էին նախասենյակում։ Հյուրասենյակը ամայի ու գորշ էր թվում։ Նրա համրացած պատերին չէր խաղում գույների ծիածանը, չէին առկայծում հրավառության ցոլքերը, չկային ոսկեկար ցանցկեն զգեստներ հագած կանայք, եւ սեւ թավշյա կոստյումներով տղամարդիկ 100 ֆունտանոց ճագարներ չէին հանում արծաթավուն լայնեզր գլխարկներից։ Հյուրասենյակը մեռյալ էր։ Միլդրեդը սառած, անարտահայտիչ հայացքով շարունակ նայում էր լռին պատերին, իսկ Մոնթագը մերթ անհանգիստ չափչփում էր սենյակը, մերթ նորից պպզում եւ մի քանի անգամ բարձրաձայն կարդում որեւէ էջ։

«Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ—կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը եւ թափվում եզրից, ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ»։

Մոնթագը նստեց՝ ականջ դնելով անձրեւի խշշոցին։

— Գուցե եւ հենց այդ էր, որ կար մեր հարեւան աղջկա մեջ։ Ես այնպես եմ ուզում հասկանալ նրան։

— Բայց նա մեռել է։ Ի սեր աստծո, խոսենք որեւէ ապրողի մասին։

Չնայելով կնոջը՝ Մոնթագը, ողջ մարմնով դողալով, կտրեց—անցավ նախասենյակը եւ մտավ խոհանոց։ Երկար կանգնեց պատուհանի մոտ՝ հայացքը ապակիները թմբկահարող անձրեւին։ Երբ անձրեւը դադարեց, նա վերադարձավ արդեն աղջամուղջով պատված նախասենյակ եւ վերցրեց նոր գիրք։

— Մեր նախասիրած թեման է․ «Իմ մասին»։

Նա խեթ֊խեթ նայեց պատին։

— Մեր նախասիրած թեման է․ «Իմ մասին»։

— Այ դա հասկանում եմ,— ասաց Միլդրեդը։

— Իսկ Քլարիսի համար բնավ էլ նախասիրած թեմա չէր։ Նա սիրում էր խոսել ուրիշների մասին, իմ մասին։ Նա առաջինն էր իմ կյանքում, որ ինձ իսկապես դուր եկավ։ Ծանոթներիս մեջ միակն էր, որ նայում էր ուղիղ աչքերիս, այնպես, ասես ինչ֊որ բան արժեմ։

Նա հատակից վերցրեց երկու գրքերը, որ քիչ առաջ կարդում էր։

— Այս մարդիկ մեռել են շատ տարիներ առաջ, բայց ես գիտեմ, որ նրանց բոլոր գրածներն այսպես թե այնպես կապված են Քլարիսի հետ։

Դրսից թույլ ճանկռտոց լսվեց։

Մոնթագը քարացավ։ Միլդրեդը, ծանր շնչելով, սեղմվեց պատին։

— Դռան ետեւում ինչ֊որ մեկը կա… Ինչո՞ւ է խոսափողը լռում։

— Անջատել եմ։

Դռան ետեւից լսվում էր թույլ ֆսֆսոց, էլեկտրաջեռուցման թեթեւ թշշոց։

Միլդրեդը ծիծաղեց։

— Ախր դա պարզապես շուն է… Վռնդե՞մ։

— Չհամարձակվես։ Տե՛ղդ նստիր։

Լռության։ Դրսում սառն անձրեւ էր մաղում։ Իսկ փակ դռան տակից փչում էր էլեկտրական կապույտ պարպումների նուրբ հոտը։

— Շարունակենք,— հանգիստ ասաց Մոնթագը։

Միլդրեդը ոտքով հարվածեց գրքին։

— Գրքերը մարդիկ չեն։ Դու կարդում ես, ես նայում եմ շուրջս, բայց ոչ ոք չկա։

Մոնթագը նայում էր հյուրասենյակի պատերին, մեռած ու գորշ, ինչպես օվկիանոս, որ պատրաստ է ալեկոծվելու, եռալու կյանքով, եթե միայն միացվի էլեկտրական արեւը։

— Իսկ «ազգականները» կենդանի մարդիկ են։ Նրանք ինչ֊որ բան են ասում ինձ, ես ծիծաղում եմ, նրանք ծիծաղում են։ Հապա գույնե՜րը…

— Այո՛, գիտեմ։

— Բացի այդ, եթե հրկիզապետ Բիթին իմանա այս գրքերի մասին…,— Միլդրեդը մտածմունքի մեջ ընկավ։ Դեմքի զարմանքը փոխվեց սարսափի։

— Նա կարող է գալ այստեղ, այրել տունը, «ազգականներին», ամեն ինչ։ Սոսկալի՜ է։ Նապա մտածի՛ր, թե որքան փող ենք ներդրել այս տան վրա։ Ինչո՞ւ ես պետք է կարդամ այս գրքերը, հանուն ինչի՞։

— Ինչո՞ւ, հանուն ինչի՞,— գոչեց Մոնթագը։— Անցած գիշեր ես օձ տեսա։ Աշխարհում ավելի արգահատելի բան չկա։ Նա կարծես սատկած էր, բայց միաժամանակ կենդանի։ Նա կարող էր տեսնել, բայց չէր տեսնում։ Ուզո՞ւմ ես տեսնել այդ օձին։ Նա անհետաձգելի օգնության հիվանդանոցում է, այնտեղ մանրամասն գրված է, թե ինչպիսի աղտեղություն դուրս քաշեց քեզնից։ Գուցե գնա՞ս այնտեղ, ընթերցե՞ս քարտարանում պահվող գրառումը։ Միայն թե չգիտեմ՝ ի՞նչ խորագրի տակ փնտրել՝ «Գայ Մոնթագ», թե՞ «Սարսափ» կամ «Պատերազմ»։ Իսկ գուցե գնաս տեսնես այն տունը, որ անցած գիշեր այրվե՞ց։ Մոխրի մեջ պեղես այն կնոջ ոսկորները, որը ողջակիզվեց իր տան հետ միասին։ Իսկ Քլարիս Մըքլե՞լընը։ Որտե՞ղ փնտրել հիմա նրան։ Դիարանո՞ւմ։ Ահա լսի՛ր։

Տան վերեւում իրար ետեւից սրընթաց անցան ռմբակոծիչները, անցան հռնդյունով, դղրդյունով, սուլոցով, ասես անտեսանելի վիթխարի օդափոխիչ էր պտտվում երկնքի դատարկ խոռոչում։

— Տե՜ր աստված, — բացականչեց Մոնթագը,— ամեն ժամ նրանք ոռնում են մեր գլխավերեւում։ Մեր կյանքի ամեն վայրկյանը հագեցված է այդ դժոխային ռմբակոծիչներով։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ 1960 թվականից հետո մենք սկսել ենք եւ հաղթել երկու ատոմային պատերազմում։ Մի՞թե պատճառն այն չէ, որ զվարճանալով տանը, լիովին մոռացել ենք մնացյալ աշխարհը։ Արդյոք այն պատճառով չե՞նք այսպես հարուստ, որ աշխարհն այնքան աղքատ է, իսկ մեր հոգն էլ չէ։ Ես լսել եմ, որ ամենուր մարդիկ կիսաքաղց են, իսկ մենք կուշտ ենք։ Արդյոք ճի՞շտ է, որ ողջ աշխարհը տաժանակիր աշխատում է, իսկ մենք զվարճանում ենք։ Դրա համար չէ՞, որ սաստիկ ատում են մեզ։ Ես վաղուց եմ լսել, որ բոլորն ատում են մեզ։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Ես չգիտեմ։ Գուցե այս գրքե՞րը բացեն մեր աչքերը։ Գուցե դրա՞նք նախազգուշացնեն մեզ՝ չկրկնել նույն անուղղելի սխալները։ Ես չեմ հիշում, թե քո հյուրասենյակի այդ ապուշները երբեւէ այդ մասին խոսած լինեն։ Աստվա՜ծ իմ, Միլլի, ախր, ինչպե՞ս չես հասկանում։ Եթե օրական մի քիչ կարդանք, ասենք, օրը մի ժամ, երկու ժամ, գուցե թե…

Հեռախոսը զնգաց։ Միլդրեդը ճանկեց լսափողը։

— Աանա։— Նա ուրախացած ծիծաղեց։֊— Այո՛, Սպիտակ ծաղրածուն է երեկոյան ծրագրով։

Մոնթագը գնաց դեպի խոհանոց եւ գիրքը նետեց սեղանին։

«Մոնթագ,— դիմեց ինքն իրեն,— դու իսկապես հիմար ես։ Սակայն ինչպե՞ս վարվել։ Գրքերի մասին հայտնել կայա՞ն։ Մոռացությա՞ն տալ»։— Նա կրկին բացեց գիրքը, ջանալով չլսել Միլդրեդի ծիծաղը։

«Խե՜ղճ Միլլի,— մտածեց նա։— Խե՜ղճ Մոնթագ։ Չէ՞ որ դու նույնպես գլուխ չես հանում։ Որտեղից օգնություն խնդրել, որտե՞ղ ուսուցիչ գտնել, երբ արդեն այդքան ժամանակ կորսված է»։

Չպետք է հանձնվել։ Նա փակեց աչքերը։ Դե, իհարկե, նա կրկին զգաց, որ մտածում է քաղաքային զբոսայգու մասին, ուր մի տարի առաջ անցողակի մտել էր։ Վերջերս հաճախ էր հիշում այդ մասին։ Եվ այժմ էլ հիշողության մեջ պարզորոշ գծագրվեց այն ամենը, ինչ կատարվեց այդ օրը՝ զբոսայգում․ սաղարթախիտ անկյունը, նստարանին նստած սեւ կոստյումով ծերուկը, որ, Մոնթագին տեսնելով, արագորեն ինչ֊որ բան խոթեց վերարկուի գրպանը։

… Ծերուկը տեղից վեր ցատկեց, ասես ուզում էր վազել։ Իսկ Մոնթագն ասաց․

— Սպասե՛ք։

— Ես ոչ մի մեղք չունեմ,— դողահար բացականչեց նա։

— Իսկ ո՞վ ասաց, թե դուք մեղավոր եք։

Որոշ ճամանակ նրանք լուռ նստել էին կանաչ սաղարթների աղոտ ցոլքերի մեջ։ Հետո Մոնթագը խոսք բացեց եղանակի մասին, եւ ծերուկը պատասխանեց ցածր, թույլ ձայնով։ Դա տարօրինակ, խաղաղ հանդիպում էր։ Ծերուկը խոստովանեց, որ ինքը անգլերեն լեզվի պաշտոնանկ պրոֆեսոր է, աշխատանքից զրկվել է քառասուն տարի առաջ, երբ ուսանողների եւ նյութական աջակցության բացակայության պատճառով փակվեց հումանիտար գիտությունների վերջին քոլեջը։ Անունը Ֆաբեր էր, եւ երբ նա այլեւս չէր վախենում Մոնթագից, դարձավ շատախոս։ Սկսեց խոսել ցածր, համաչափ ձայնով, նայելով երկնքին, ծառերին, զբոսայգու կանաչ բացատներին։ Նրանք զրուցեցին շուրջ մեկ ժամ։ Հանկարծ ծերուկը ինչ֊որ բան արտասանեց, եւ Մոնթագը հասկացավ, որ անհանգ բանաստեղծություն է։ Հետո, սիրտ առնելով, կրկին ինչ֊որ բան արտասանեց՝ նույնպես բանաստեղծություն։ Ձեռքը սեղմելով վերարկուի ձախ գրպանին՝ Ֆաբերը քնքշորեն արտաբերում էր բառերը։ Մոնթագն զգաց, որ եթե ձեռքը մեկնի, ծերուկի գրպանից բանաստեղծությունների հատորյակ կհանի։ Բայց նա չմեկնեց։ Նրա ձեռքերն անզգա ընկած էին ծնկներին։

— Չէ՞ որ ես խոսում եմ ոչ թե բուն իրերի մասին, սը՛ր,— ասաց Ֆաբերը։— Ես խոսում եմ իրերի էության մասին։ Նստած եմ այստեղ եւ գիտեմ, որ ապրում եմ։

Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։ Մեկ ժամ տեւած մենախոսություն, բանաստեղծություններ ու մեկնաբանություններ, իսկ հետո ծերուկը դողացող մատներով թղթի կտորի վրա գրեց իր հասցեն։ Մինչ այդ պահը երկուսն էլ խուսափում էին հիշատակել, որ Մոնթագը հրկիզող է։

— Ձեր քարտարանի համար է,— ասաց ծերուկը,— եթե ձեր մտքով անցնի բարկանալ ինձ վրա։

— Ես չեմ բարկանում,— զարմացած ասաց Մոնթագը։

Նախասենյակից լսվեց Միլդրեդի անզուսպ քրքիջը։

Բացելով ննջարանի պատի պահարանը՝ Մոնթագը թերթեց «Ենթակա են հետաքննության» (?) մակագրությամբ արկղի քարտերը։ Դրանց մեջ էր Ֆաբերի քարտը։ Այն ժամանակ Մոնթագը չէր մատնել նրան, բայց եւ հասցեն չէր ոչնչացրել։

Նա հավաքեց հեռախոսի համարը։ Հեռախոսալարի մյուս ծայրին ազդանշանը մի քանի անգամ կրկնեց Ֆաբերի անունը, եւ, վերջապես, ընկալուչում լսվեց պրոֆեսորի թույլ ձայնը։ Մոնթագը ներկայացավ։ Տիրեց երկարատեւ լռություն։ Եվ ապա՝

— Այո՛, միստր Մոնթագ։

— Պրոֆեսոր Ֆաբեր, ես ուզում եմ ձեզ ոչ այնքան սովորական մի հարց տալ։ Մեր երկրում քանի «Աստվածաշունչ» է մնացել։

— Չեմ հասկանում՝ ինչի՞ մասին եք խոսում։

— Ես ուզում եմ իմանալ՝ գեթ մի օրինակ «Աստվածաշունչ» մնացե՞լ է։

— Ուզում եք ծուղա՞կը գցել ինձ։ Ես չեմ կարող պատահական մարդկանց հետ խոսել հեռախոսով։

— Քանի՞ օրինակ է մնացել Շեքսպիրի, Պլատոնի ստեղծագործություններից։

— Ոչ մի, դուք ինձնից լավ գիտեք։ Ո՛չ մի։

Ֆաբերը նետեց ընկալուչը։

Մոնթագը նույնպես ցած դրեց ընկալուչը։ Ո՛չ մի։ Հրակայանի ցուցակից Մոնթագն ինքն էլ գիտեր։ Սակայն, չգիտես ինչու, նա ցանկանում էր լսել հենց Ֆաբերից։

Նախասենյակում հանդիպեց Միլդրեդին, նրա դեմքը հուզմունքից շառագունել էր։

— Այսօր մեզ հյուր են գալու տիկինները։

Մոնթագը նրան ցույց տվեց մի գիրք։

— Սա Հին եւ Նոր կտակարանն է, եւ գիտե՞ս, Միլդրեդ…

— Խնդրում եմ, մի՛ սկսիր…

— Սա, հնարավոր է, միակ փրկված օրինակն է՝ մեր աշխարհամասում։

— Բայց դու պետք է այսօր եւեթ վերադարձնես։ Չէ՞ որ հրկիզապետ Բիթին գիտի այդ գրքի մասին։

— Հազիվ թե իմանա՝ հատկապես ի՞նչ գիրք եմ բերել։ Կարելի է մեկ ուրիշը հանձնել։ Բայց ո՞րը։ Ջե՞ֆերսոնը[12]։ Գուցե Թո՞րոն[13]։ Ո՞րն է պակաս արժեքավոր։ Եվ հետո, եթե ես փոխեմ, եւ Բիթին իմանա, թե հատկապես ո՛ր գիրքն եմ գողացել, նա գլխի կընկնի, որ մեզ մոտ մի ամբողջ գրադարան կա։

Միլդրեդի շրթունքները ջղաձգվեցին։

— Հապա մտածիր, թե ինչ ես անում։ Դու մեզ կկործանես։ Քեզ համար ո՞վ է կարեւոր՝ ե՞ս, թե «Աստվածաշունչը»։

Նա արդեն նորից ջղային ճչում էր՝ սեփական տաքությունից հալվող մոմե տիկնիկի նման։

Բայց Մոնթագը չէր լսում նրան, նա լսում էր Բիթիի ձայնը։

«Նստեցեք, Մոնթագ։ Նայեցեք։ Վերցնում ենք առաջին էջը։ Զգուշությամբ, ինչպես ծաղկաթերթ, այրում ենք։ Հետո՝ երկրորդը։ Կրակը դրանք վեր է ածում սեւ թիթեռների։ Գեղեցիկ է, չէ՞։ Այժմ երկրորդ էջից կպցրեք երրորդը եւ այդպես շղթայաբար, էջ առ էջ, գլուխ առ գլուխ, բոլորը հիմարություններ են՝ ամփոփված բառերում, բոլորը՝ սուտ խոստումներ, հնամաշ մտքեր, իր դարն ապրած փիլիսոփայություն»։

Բիթին նստել էր քրտնաթոր ճակատով, իսկ նրա շուրջը հատակը ծածկված էր սեւ թիթեռների դիակներով, որոնք զոհվել էին բոցեղեն մրրիկի մեջ։

Comments (1)

  1. […] 18. Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» […]

Comment here