ԳլխավորՄի կտոր գիրք

«Կանչը». Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան

Ներկայացնում ենք հատված հայ արձակագիր, լրագրող Մուշեղ Գալշոյանի (Մուշեղ Հովեի Մանուկյան, 13.12.1933-15.11.1980) «Կանչը» պատմվածքից։

***

Եվ հանդիպեց մեկ էլ հիսունհինգ տարի հետո…

Երբ ամուսնացնում էր իր կրտսեր որդուն, Զորոն որոշեց հարսանիքի խմիչքը անձամբ և անպայման Արարատյան դաշտից բերել… Մյուս որդիներին ամուսնացնելիս նեղն էր և փոքրիկ հավաք արեց հարսանքանման մի բան: Իսկ, ահա փառք, կարող է ողջ գյուղի, հեռու ու մոտիկ բարեկամների համար լի ու բոլ սեղան բացել, անարատ ու ընտիր գինիով և անպայման՝ Արարատյան դաշտի և կա ու չկա՝ տնական: Որքան էլ ավագ որդին, որ առանձին ծուխ էր, միջնակ որդին, որ արդեն առանձին ծուխ էր, որքան էլ համոզեցին խմիչքը բերել գինու գործարանից (գործարանի գինուն գինի չի հասնի), Զորոն չհամոզվեց, Արարատյան դաշտից, կա ու չկա՝ Արարատյան դաշտից, և ընտրողը ինքը՝ Զորոն պետք է լինի:

Եվ առավոտյան նստեց մեքենա, միջնակ որդին սեփական ավտո ուներ, նստեց որդու կողքն ու իջավ դաշտ: Գյուղեր մտան՝ դուրս եկան, մտան, դուրս եկան, ամեն գյուղում Զորոն, է՜, քանի կարասի գինի փորձեց, բայց ոչ մեկը սրտովը չէր:

Իրիկնապահ էր արդեն, խիտ ծառաշարերով երիզված մայրուղով որդին սրդողած թռցնում էր մեքենան, ծառերի արանքից հանկարծ մի ճանապարհ հայտնվեց, և Զորոն, չգիտես ինչու, խառնվեց իրար,-անցանք,- և ձեռքը գցեց ղեկին:

Մեքենան թռավ ճանապարհից և խճճվեց թփուտների մեջ: Առանձնապես վթար չէր. Դռան մի փոքր քերծվածք, մի քանի խազ ու մազ, բայց որդին փրփրել էր:

-Քու սիրտ լեն պահե, լաո,- հանգստացրեց Զորոն,- կպատահի՝ բարին էս էր:

-Էս գեղ իմ սրտին դուր եկավ:- Հետո, գյուղի կենտրոնում, մեքենան կանգնեցնել տվեց,- լավվատ՝ էստեղից կառնինք:- Եվ մոտեցան հավաքվածներին:

Բոլորն էլ գինի ունեին և պատրաստ՝ մառան առաջնորդելու: Միայն մեկը՝ լողլող մի մարդ, սուս էր, և Զորոն հենց նրան դիմեց:

-Ինչո՞ւ չունեմ,- պատասխանեց մարդը,- այգի ունեցողը գինի էլ կունենա:

-Աստված վկա, իմ տղի հարսանիք քու գինով կանիմ,- հայտարարեց Զորոն:

-Էրթանք ձեր տուն: Որթատունկի թառման ճակատին առած գինեբույր տուն էր: Տնամերձ ծիրանենու բունն ի կախ տաքդեղի կարմիր շարուկներ կային, և պստլիկ ու ժիր մի պառավ վար էր առնում շարուկները:

-Լավ տուն ու տեղ ունիս, ախպեր:- Տունն ու այգին իրոք, Զորոյին շատ դուր եկան:-Ուրախ վայելում:

Խոսքի վրա պառավը կտրուկ շուռ եկավ: Մեկ ուզեց տաքդեղը գցել մաղի մեջ և մոտենալ, բայց այդպես՝ կարմիր շարուկը թևին, շարունակեց հետաքրքիր նայել անծանոթին:

-Քու նշանա՞ծն է:

-Հա: Քո երկրացին է:

-Իմ էրգրացի՞ն… Հը՜մ, արի, հը՜մ, արի, իմ քուր,- խնդացավ Զորոն:- Հը՜մ, արի ծանոթանանք:

Պառավը մանրիկ ու չափուկ մոտեցավ, ժպտերես ձեռք տվեց. Թևն ի կախ շարուկները խշխշացին, և նա մեղավոր նայեց, որ տաքդեղով է դիմավորում երկրացի հյուրին:

-Էրգրի ձեր գեղ ո՞ր մեկն է, քուրիկ: Եվ պատասխանի վրա Զորոն կուչ եկավ, ինչպես կծկվում են շպրտված քարից:

-Սարեկա՞ն,- դժվարությամբ մեկնվեց Զորոն,- Սարեկա՞ն,- և չնայած պառավը շատ մոտ էր, Զորոն դեմքը մոտեցրեց և կկոցած նայեց աչքերի մեջ…

Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային: Զորոն կախեց գլուխը, ապա մտմտուն ու շեղակի նայեց կնոջ թևն ի կախ տաքդեղի շարուկին, հետո հեռո՜ւ- հեռվից, շատ հեռվից եկող մի ժպիտ՝ կոտոր, մեղք ու կրակ, սարդոստայնի պես խճճվեց բեղին, և նա շշնջաց՝ Ալե՜ն: Նույնիսկ պառավը չլսեց իր անունը:

-Ալե՜ն,- շշնջաց Զորոն ու ծանր շտկվեց: Շտկվեց, ձգվեց, ձգվեց (վերջին տարիներին որդին հորը այդպես շիտակ ու ձիգ չէր տեսել), արտասովոր ձգվեց և դիմացը կանգնած պստլիկ կնոջ գլուխն ի վեր նայեց հեռու, տների ու ծառերի արանքից գտավ լեռնապարը և որքան շունչը հերիքում էր կանչեց.

— Հըըիիի՜, Ալեե՜ն, … Ալե՜ն,- հայացքը հեռու լեռներին՝ հա՜ կրկնեց,- Ալեե՜ն…

Պառավը ծգլվզած տնտղում էր Զորոյին, որ կիսախուփ, մշուշոտ հայացքը հեռու, վերացած իր անունն էր կրկնում և ի պատասխան նրան, հարձագանք այդ հեռագնա ու տաք շշնջոցի՝ լացել էր ուզում: Հետո Զորոն շաղված հայացքը դարձրեց պառավին և էլի շշնջաց.

-Ես Զորոն եմ… Ալե:- Եվ ձեռքերն առավ ափերի մեջ, քամեց, կպցրեց խոնարհված ճակատին, հետո մոտեցրեց շուրթերին: Պառավը շփոթվեց: Էրգրի օրենքով կինը պետք է տղամարդու ձեռքը գնար, և շտապեց համբուրել Զորոյի ձեռքը: Արցունքներն արդեն թափվում էին, է՜, երբվանի՞ց մոռացված մոլորված արցունքները ելք էին գտել, և հանգրվանը Զորոյի ձեռքերն էին:

Հետո այնպես եղավ, որ միմյանց ձեռքերն էին թռցնում համբուրելու համար, և տաքդեղի շարուկը, որ կախված էր պառավի թևից, զորացած տաքդեղի կարմիր շարուկը, խշրվեց նրանց դեմք ու աչքերի մոտ, Ալեն, փռշտաց, նա, որ հանդարտիկ թափում էր աչքերից, և լացը այնքան դուր էր գալիս, տրորեց աչքերը, և ջերմ ու մաքուր արցունքները պղտորվեցին, կծվացան կոպերի տակ…

Եվ դեմ-դիմաց կանգնած երկու երեխա բռունցքներով տրորում էին կծկծացող աչքերը ու շաղված հայացքներով նայում էին իրար:

-Բաբո, ուշացանք,- հարկ համարեց որդին:

Զորոն սթափվեց: Աչք դիպցրեց որդուն, ապա տնտղեց տանտիրոջը, դարձավ նայեց Ալեին և գլուխը տմտմբացրեց:

-Ալեն… կմկմաց. Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էլի դարձավ տանտիրոջը,- ուրեմն… քու նշանածն է… Բարի վայելում:- Եվ վռազ ավելացրեց:

— Գինին ո՞ւր է:

Մառանում տանտերը պղնձե չափով գինի լցրեց, գավաթի հետ մեկնեց Զորոյին, որ փորձի, իսկ Զորոն հենց չափով խմեց, մի շնչով դատարկեց ու փառավորվեց:

-Օխաա՜շ,- ափով սրբեց բեղերը:

-Իմ սիրտն հովցավ… էսպես անուշ գինի իմ շրթին չէր դիպե, Ալե: Անուշ գինի էր: — Եվ գլխահակ և շեղ ու մի տեսակ իրենից զատվող հայացքը մառանի անկյունում կանգնած պառավի սոլերին՝ դիմեց որդուն:

-Իմացա՞ր, լաո, թե արև ծագից չուրի հիմա ինչի համար կմտնինք գեղերն ու կելնինք, կմտնինք ու ձեռնադատարկ կելնինք դուրս… Իմացա՞ր… Իմ ուզած գինին էս էր ու էս… Լցրեք:

-Ինչքա՞ն, քանիսո՞վ,- հետաքրքրվեց տանտերը:

-Կարասը լրիվ իմն է:-Զորոյի ձայնի մեջ կռիվ կար:

-Լցրեք ու առանց հախ ու հաշվի… Գինին անգին է,-բողոքեց Զորոն,- գին ու արժեքն էլի գինին է, Ալե… Լցրեք:

Տանտերը մոտեցավ չափը վերցնելու, բայց Զորոն չտվեց:

-Ուրիշ բանով լցեք. Էս իմ բաժակն է:

Որքան էլ որ տանտերը համոզեց, որ ոտքի վրա խմել պետք չէ. տուն կա, սեղան կա, քիչ հետո մարդավայել սեղան կնստեն, կարգին կծանոթանան, մանավանդ որ համերկրացի համագյուղացիներ են հանդիպել, Զորոն չլսեց:

Որդին բշտեց, միջամտեց նաև Ալեն, բայց Զորոն տեղն ու տեղն էր ուզում խմել, հենց՝ պղնձե ամանով, հենց կարասից: Ստիպված պառավը հաց ու մաց բերեց՝ հարմարեցրեց, սակայն Զորոն ձեռք չտվեց հացին, կարասին մոտիկ հենվեց պատին՝ լցրեց ու խմեց, լցրեց ու տակետակ խմեց… Եվ սրբում էր բեղերը ու բռի մեջ տնքում ՝ Ալե…

Պառավը նստել էր իր հարմարեցրած սեղանի մոտ և մտամոլոր նայում էր: Քիչ առաջ, երբ Զորոն նոր մտավ բակ, նա ժիր ու կայտառ էր, հիմա կուչ էր եկել, իրոք՝ մի բուռ պառավ, թմբիրի մեջ, աչքերը դեռ կծկծում էին, բայց զգում էր, որ ընդհատված անուշ լացը ալիք-ալիք բարձրանում է:

-Քու էրիկին տեսանք, Ալե, ուրիշ ի՞նչ ունիս:

-Փառք Աստծու, տղեք ունեմ, ախպեր Զորո,- և որոշեց զսպել լացը,- հարսներ ունեմ, ամուսնացած աղջիկներ ունեմ, թոռներ ունեմ: Դո՞ւ ինչ ունես, ախպեր Զորո:

-Փառք Աստծու, տղեք ունիմ, Ալե, հարսներ ունիմ, կարգված աղջիկներ ունիմ, Ալե, բոլ թոռներ ունիմ, էս գինին էլ,- Զորոն էլի լցրեց ամանը,- էս անուշ գինին էլ իմ փոքր տղի ուրախության համար է, հարսանիքի համար է, Ալե… Հըիիի՜, Ալե, իմ հոգին:

Եվ սկսեց երգել:

Տանտերը, կարասի վրա խոնարհված, անթատակով բբեց Զորոյին և տակետակ ժպտաց՝- գնահատեց իր գինու ուժը:

-Էս ի՜նչ անուշ գինի էր, Ալե,- երգի միջից ու երգահանգ կանչեց Զորոն:

-Էսքան ժամանակ էսքան անուշ գինի էղնի հոս, ու ես անտեղյակ: Հըիի՜ի, Ալե: -Եվ կցեց կտրված երգը:

Տանտերն ու որդին ավարտեցին գինու չափն ու հաշիվը: Զորոն երգում էր:

Տանտերը ծխախոտ վառեց ու նստեց կնոջ կողքին, Զորոն երգում էր, որդին գինով լի տիկ ու տակառիկները տարավ՝ տեղավորեց, դարձավ կանգնեց մառանի կենտրոնում, Զորոն ինքնամոռաց երգում էր: Պղնձե ամանը դատարկ էր արդեն. Վերջին չափ գինին երգելիս շաղ էր տվել, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ոտից-գլուխ օծել իրեն:

-Հըիի՜ի, Ալեե: — Ինչպես սկսել էր, այնպես էլ ավարտեց երգը, աչքերը բացեց, սակայն ոչ մեկին չտեսավ՝ ոչ մոլորիկ Ալեին, ոչ խնդմնդացող տանտիրոջը, ոչ կողքին կանգնած որդուն, որ պղնձե ամանը առավ ձեռքից և մտավ թևը:

-Գնացինք, բաբո:

Զորոն թևը փախցրեց և պինդ սեղմվեց պատին:

-Մարաթուկ վկա, իմ ոտքն էստեղից դուրս չի էլնի: Ալե՜ե…

Տանտերն առաջարկեց, որ գնան տուն. Զորոն պառկի, մի քիչ հանգստանա:

-Հայ-հաա՜յ, էլ իմ աչաց քո՞ւն կգա:- Եվ բռունցքներով տրորեց աչքերը:

— Ալե՜ե,- կանչեց Զորոն,- դու ո՞ւր կորար:

Հետո որդին նորից քաշեց, և Զորոն հրեց ու հայհոյեց, վիրավորեց նաև տանտիրոջը: Երեխայի պես կառչել էր պատից և չէր ուզում պոկվել և մեջ-մեջ կանչում էր, -Ալե՜ե…