Ներկայացնում ենք հատվածներ հունական ծագումովբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» հոգեբանական թրիլլերից։
***
Օգնություն ստացա հանձին Ռութի՝ հոգեթերապեւտի, որին ինձ մոտ էր ուղարկել համալսարանի խորհրդատվական ծառայությունը։ Ճերմակահեր ու թմբլիկ Ռութն արտաքուստ նման էր բարեհամբույր տատիկի։ Հաճելի ժպիտ ուներ, որին ուզում էի հավատալ։ Սկզբում հիմնականում լռում էր։ Ինքը լսում էր, ես՝ խոսում։ Պատմում էի իմ մանկության, մեր տան, ծնողներիս մասին։ Խոսելիս նկատեցի, որ ինչքան էլ տհաճ մանրամասներ հիշեի, միեւնույն է, ոչինչ չէի զգում։ Կտրված էի իմ հույզերից, ինչպես ձեռքից հատված դաստակը։ Խոսում էի ցավոտ հիշողությունների եւ ինքնակործանման նոպաների մասին, բայց ոչինչ չէի զգում։
Երբեմն, սակայն, Ռութին էի նայում։ Ու զարմանքով նկատեցի, որ լսելիս աչքերն արցունքոտվում են։ Գուցե այն, ինչ կասեմ, դժվար է հասկանալ, բայց արցունքները նրանը չէին։
Իմն էին։
Այն ժամանակ, իհարկե, չհասկացա։ Բայց թերապիան հենց այդպես է աշխատում։ Հիվանդն իր անցանկալի ապրումները փոխանցում է հոգեբույժին, իսկ բժիշկն իր ուսերին է առնում բեռը, որը հիվանդը վախենում է զգալ, եւ այդ պահերը նրա փոխարեն է զգում։ Իսկ հետո հիվանդին դանդաղ վերադարձնում է իր զգացմունքները։
***
Զարմանալի է, թե մարդն ինչ արագ է վարժվում հոգեբուժարանի տարօրինակ, նոր աշխարհին։ Ժամանակի հետ դադարում ես խելագարությունից վախենալ, ընդ որում, ոչ միայն ուրիշների, այլեւ սեփական։ Ես համոզված եմ, որ բոլորս էլ խելագար ենք, պարզապես յուրաքանչյուրս յուրովի։
***
Ռութի սեանսներին Քեթիի հետ ծանոթանալուց շատ առաջ էի հաճախում եւ դրանից հետո՝ էլի երեք տարի, թերապիան շարունակում էի։ Հիշում եմ Ռութի խորհուրդն ինձ, երբ ես ու Քեթին սկսեցինք հանդիպել. «Սիրելի մարդուն ընտրելը նույնն է, թե հոգեբան ընտրես,-ասում էր Ռութը։ -Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ արդյոք նա ազնիվ կլինի՞, արդյոք կլսի՞ քննադատությունը, կկարողանա՞ ընդունել իր սխալները, անիրականանալի խոստումներ չի՞ տա»։
***
-Գիտե՞ս, Թեո, որն է ամենածանրը. խոստովանել, որ մեզ այն ժամանակ, երբ ամենաշատն էինք դրա կարիքը զգում, չեն սիրել։ Չսիրված լինելու ցավը սարսափելի զգացում է։
Իհարկե, նա իրավացի էր։ Անկարող էի բառեր գտնել՝ նկարագրելու այն նողկալի զգացումը, որ հարազատ մարդու դավաճանությունից է ծնվում, ներսումդ բացվող ահավոր խոռոչը, երբ Ռութն ասաց «չսիրված լինելու ցավը», ես տեսա, թե ձեւակերպումն ինչպես իմ ամբողջ գիտակցության մեջ թափանցեց եւ դարձավ միաժամանակ անցյալիս, ներկայիս ու ապագայիս պատմությունը։
Խնդիրը միայն Քեթին չէր, այլ հայրս եւ մանկությունից եկող լքվածության զգացումս. Ցավ զգայցի այն ամենի համար, ինչ երբեք չէի ունեցել ու սրտիս խորքում համոզված էի, որ երբեք էլ չեմ ունենա։ Ըստ Ռութի՝ հենց դա էր պատճառը, որ Քեթիին էի ընտրել։ Կա՞ր ավելի լավ միջոց ապացուցելու, որ հայրս իրավացի էր (որ սիրո անարժան ոչնչություն եմ), քան հետապնդել մեկին, որը երբեք ինձ չի սիրելու։
***
Բոլոր փաստարկներն ու հիմար տարաձայնությունները դեն են նետվում հագուստի հետ, որն անկանոն հատակին է կիտվում։
***
-Կարծում եմ, որ պարտավոր ես բաժանվել,-ասաց։ -Սա որպես քո հոգեբան չեմ ասում, այլ որպես հին ընկեր։ Չեմ կարծում, որ կկարողանաս վերադառնալ ու ձեւացնել, թե ոչինչ չի պատահել, եթե նույնիսկ շատ ուզես։ Ենթադրենք՝ մի քիչ էլ ձգեցիր, բայց մի քանի ամսից նորից նման մի բան կպատահի, ու դարձյալ կհայտնվես այստեղ, այս բազմոցին։ Ազնիվ եղիր քեզ հետ, Թեո, Քեթիի եւ այս ամբողջ իրադրության հարցում. ստի ու անհավատարմության վրա կառուցված ցանկացած բան վաղ թե ուշ կոչնչանա։ Հիշիր, սեր, որը հիմնված չէ ազնվության վրա, արանի չէ սեր կոչվելու։
***
Քեթին հյուրասենյակում էր, բազմոցին պառկած, ծնկին ծովախեցգետնի չիպսերի հսկայական տուփ էր, որից յուղոտ, կարմիր մատներով հանում էր չիպսերն ու բերանը խցկում։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ուտել այդ աղբը. զարմանալի չէ, որ գիրացել է։ Վերջին մեկ-երկու տարիներին Քեթին դեր գրեթե չի ստացել, համարյա թե գործազուրկ է ու մշտական դեպրեսիայի մեջ։
…Ճակատագրի հեգնանք է… Այս ամենն արեցի, որ Քեթին կողքս լինի, բայց միեւնույն է, կորցրի նրան։