ԳլխավորՄի կտոր գիրք

«…Իմ երեսպա՜շտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր». Շառլ Բոդլեր

Ներկայացնում ենք ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերի (09.04.1821-31.08.1867) ստեղծագործություններից։

Լեշը

Հոգի՛ս, հիշո՞ւմ եք արդյոք, թե ինչ տեսանք այն ամառ,
Մի գեղեցիկ առավոտ.
Շրջադարձին կածանի, գետեզերքին արևառ,
Մի լեշ էր դա գարշահոտ։

Նեխող ազդրերը չռած, կնոջ նման տարփասեր,
Թափելով թույն ու վարակ,
Անփութորեն ու լկտի իր որովայնն էր բացել
Քստմնելի՜, խայտառա՜կ։

Վառ շողեր էր ուղարկում արևը այդ նեխվածքին,
Որ քայքայեր այն իսպառ՝
Բնությունը ետ տալով այն մասնիկներն առանձին,
Որոնք զոդել էր իրար։

Ինչպես ծաղիկը բացված, հայացքն ուղղել էր երկինք
Կմախքը այդ հոյակապ։
Հոտը ուժգին էր այնքան, որ քիչ մնաց ընկնեիք
Դուք խոտերին ուշաթափ։

Բզզում էին ճանճերը լեշի վրա այդ փտած,
Որի միջից որդերի
Սև գումարտակն էր հոսում, հեղուկի պես թանձրամած,
Այդ քրջերով կենդանի։

Այդ ամենը ալիքվում, ելևէջում էր դանդաղ
Եվ կամ ցնցվում հեղակարծ.
Ասես թե դեռ ապրում էր շնչառությամբ մի տարտամ
Այդ մարմինը մասնատված։

Եվ աշխարհն այդ սփռում էր խորհրդավոր մի նվագ,
Ինչպես քամին կամ առուն,
Կամ հատիկը ցորենի, որ շարժումով ներդաշնակ
էր անողն է քամհարում։

Ցնդում էին ձևերը, և լոկ երազն էր մնում,
Որպես աղոտ ուրվագիծ
Այն մոռացված պատկերի, որ նկարիչն է հանում
Հիշողության ընդերքից։

Քարաժայռի ետեւից մի վայրի շուն անհամբեր
Մեզ էր նայում կատաղած,
Սպասում էր, որպեսզի շարունակեր հոշոտել
Իր պատառները թողած։

Կգա մի օր, և դուք էլ կնմանվեք նողկալի
Այդ դիակին այլանդակ.
Դո՛ւք՝ իմ պայծա՛ռ արեգակ, դո՛ւք՝ իմ երկի՜նք աստղալի,
Դո՛ւք՝ իմ անգի՜ն հրեշտակ։

Այո՛, այդպե՜ս կլինի, օ՜ դիցուհի՛ նրբության,
Երբ ավարտեք ձեր ուղին,
Եվ ձեզ խոտերը ծածկեն ու ծաղիկները փարթամ,
Երբ որ հանձնեն ձեզ հողին։

Գեղեցկուհի՛դ իմ, այնժամ դուք կասեք այդ որդերին,
Որ ձեզ կուտեն համբույրով,
Թե փրկել եք ձեր մարմնի կառուցվածքը անթերի
Տարփանքների՜ց ավերող։

***

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։

Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։

Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Ընթերցողին

Խենթությունը, մեղքերը և արատները բոլոր
Համակում են մեր հոգին և մեր մարմինը կրծում,
Եվ մենք մեր մեջ հաճելի խղճի խայթ ենք սնուցում,
Ինչպես աղքատն է սնում միջատներին ահավոր։

Մեր մեղքերը համառ են, մեր քավությունը՝ սնանկ,
Խոստովանանքը մեր ողջ հատուցելով լիուլի,
Ուրախությամբ բռնում ենք դարձյալ կեղտոտ մի ուղի,
Հուսալով, որ աղտը մեր գարշ արցունքով կլվանք։

Եռամեծար չարքն է, որ օրորում է ընդերկար
Բարձի վրա չարության սքանչացած մեր հոգին,
Եվ մետաղը մեր կամքի պերճափայլ ու թանկագին
Գոլորշի է դարձնում այդ քիմիկոսը ճարտար։

Թելերը մեզ խաղացնող բռնել է Դևն այդ ժահրոտ.
Նողկանքի մեջ գտնում ենք մենք հմայքներ հեշտագին,
Եվ ամեն օր մի քայլով մոտենում ենք Դժոխքին՝
Առանց ահ ու սարսափի, մթան միջով գարշահոտ։

Ինչպես մի խեղճ կնամոլ, որ հոշոտում է անսանձ
Մի պառաված պոռնիկի ստինքները լղրճուկ,
Մենք շորթում ենք անցնելիս գաղտագողի մի հաճույք,
Որը քամում ենք ուժգին, ինչպես նարինջը սմքած։

Եվ մեր արբած ուղեղում գարշ Դևերի մի բանակ
Ինչպես որդեր անքանակ անվերջ վխտում է, զեռում,
Եվ երբ մենք շունչ ենք քաշում, հորդում է մեր թոքերում
Մահը՝ անտես հեղեղատ, հառաչանքով խլարձակ։

Քանի դեռ թույնը լեղի, դաշույնը սուր, հուրը բարկ
Իրենց խրթին նախշերով չեն հասցրել ավարտի
Ձեռագործը քրքրված ողորմելի մեր բախտի,
Ավա՜ղ, հոգին մեր այսպես կմնա ցած ու անարգ։

Արատների մեր զազիր ու գարշելի որջերում
Կան հովազներ ու քածեր, շնագայլեր ու քարբեր,
Ուրուրներ ու կապիկներ ու կարիճներ մահաբեր,
Ճիվաղներ, որ ճչում են, հաչում, ֆշշում ու ոռնում։

Բայց կա մեկը՝ նրանցից առավել ժանտ ու դաժան.
Չունի թեև մագիլներ, վիթխարի ցատկ ու կռինչ,
Բայց կուզենա հաճույքով ոչնչացնել ամեն ինչ
Եվ իր մեն մի հորանջով կուլ տալ աշխարհը համայն։

Ձանձրո՜ւյթն է դա, որ անկամ արտասվում է անդադար
Եվ իր հուկան ծխելով, կառափնարան է տենչում,
Հրեշին այդ, ընթերցո՛ղ, դու էլ ես լավ ճանաչում,
Իմ երեսպա՜շտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր։

Թրգմ. Հենրիկ Բախչինյան

Comment here