ԳլխավորՓորձադաշտ

Կսիրեի՞ր ինձ դու նույն մոլով, երբ ես անվավոր մի տղա լինեի… Հայկ Սիրունյան

Հայկ Սիրունյանը ծնվել է 1999 թ. ապրիլի 30-ին։ Ապրում է Երևանում, սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։

Հրապարակախոսական և վերլուծական հոդված-էսսեներով հանդես է գալիս azgonline կայքում։

***

Ասում ես՝ սիրում ես: Հավատում եմ, քաղցրս, ամբողջ ուժով:
Բայց ասա, խնդրեմ, կսիրեի՞ր ինձ դու նույն մոլով,
Երբ ես անվավոր մի տղա լինեի
Ու սայլակը լիներ բազկաթոռս:
Լռում ես, անուշս… բայց ես գիտեմ… հաճելի է տեսնել
Քայլերով համահունչ ասֆալտը մկրատող նբուկե կոշիկներ,
Իսկ վրան սահուն իջած ջինսե տաբատ:

Սիրում ես ինձ: Անխոս հավատում եմ ուժով ամբողջ:
Բայց ասա, քաղցրս, կսիրեի՞ր ինձ նույն կարմրությամբ,
Երբ քեզ գրկող, իրանիդ բաղեղվող իմ այս ձեռքի փոխարեն,
Որ տարուբերվում է քո դիմաց ու սիրունիկ ժամացույցն է ուղղում
իր տիրոջ հայացքին ու հմայիչ կերպով տեղավորում շուրթերին
ծխացող գլանակը՝
կախված լիներ դատարկ կտորե մի թև
ու գնա՜ր ու գար, գնա՜ր ու գար
փուչ ու արցունքաբեր:

Դու լռում ես, սիրելիս, ու ծանրանում է ակնթարթը
Ու ճկվում քունքիս՝ առաստաղ պահող սյան նման:
Ի՞նչ կանեիր, թե հանկարծ
Խեղվեր կյանքում ընթացքն իմ  ինքնահոս
Ու քամիները հյուսիսների հորձանուտի
Աղավաղեին մակերեսից իմ մի ատոմ:

Դու կքաշեի՞ր մատներդ գանգուրներիցս
Ու խարտյաշ գլուխդ ե՞տ կտանեիր ճակատիցս…
Դու լռում ես, փխրու՜նս ու սադափե քո աչքերում
Ճամփաբաժան մառախուղ է ու լռություն՝
Ճշմարտության, խոստովանքի ու առերեսումի թախծոտ
Մի լռություն, բայց ասեմ քեզ թաքու՜ն մի իրողություն.
Երջանկության հրավերին կշտապի նույնիսկ հենց ինքը՝ երջանկությունը:
Լինի էլ, չլինի էլ:

Իսկ դու, հոգիս, պատրա՞ստ ես դժբախտանալ ինձ հետ: Սա է միակ, աներկբա խնդիրը սիրելիս…
-Արի…

***

Երեկ էր դեռ
պարզունակության գլազուրով ներկած մի օր.
արև էր, ոսկի էր, շող էր ու խայտ
ու ցերկը երգ էր, տաղ էր — դյուր մի հարմոն
կյանքը գորո՜վ, կյանքը զեղու՜ն
ծորում էր մանկան թաց դնչից վար։

Հետո մի թու՜նդ գիշեր էր,
մթնում լույսեր էին կայծկլտում,
ասես վերից թափվող ոսկե հարդեր.
ա՜խ, սեր էր, հույզ էր, երազի խայծ
ու հալվող լուսին էր- վառվող պարանոցիդ ադամախնձորակի պես։

Ասես երեկ էր դեռ,
մի վելվետ ափ անձկորեն շոյում էր այտս
ու մի սահուն մատիկ հանգում էր շուրթերիս
որպես լռության ավանդ, որպես կարկամելու թովիչ հրաման
ա՜խ, սեր էր թրթիռ էր, պապանձվող դյութ,
ու լու՜ռ գիշերը սահեց մատից մատ, շուրթեշուրթ, և ծորեց մանկան թաց դնչից
պարզության ժպիտի պես հուսալի։

***

Այս գարունը տեսնեի, Աստվա՜ծ,
Ու ոտք դնեի ես հողին՝ որովայնին երկնող-երերող,
Կենսավետ հղի փարթամ կնոջ
Գալարքով արգանդի քայլեի, Աստված։

Օհ, ևս մեկ անգամ պարգևիր, Տե՜ր,
Նարնջահյութ ցերեկվա սրվակը ինձ,
Ու գինեծոր գիշերի գավը նորեն
Հրամմիր սոսկող իմ ափերին։

Թույլ տուր շնչեմ ես վերստին
Դեղձենու թերթերը վարդաթույր
Ինչպես կուսական անեղծ նեկտար.
Բույրը, բույրը… բույրով արբենամ։

Տե՜ր, ինձ մի ձայնիր գարնան դեմ։
Վերջին, ամենավերջին անգամ
Ա՛յս գարունը տուր ինձ, Աստված,
Թեկուզ միտումով վաշխառական,

Միայն թե, միայն թե Քո սիրույն
Հաճե՛ շնորհել ինձ արբունքը հեշտիվ,
Օհ, Տե՛ր, Տե՛ր, ամեն ինչում Ամենայն Ինչ,
Ինձ չտանե՛ս, ինձ չտանե՛ս գարնան դեմ։

Այս գարունը տեսնեի, Աստվա՜ծ, ու կարոտո՜վ,
Ինչպես գառնուկը եղյամաշաղ կանաչին,
Վազեի դեպի նա, դեպի կյանքը, դեպի օրը, պահը
աչքաթարթը պարզունակ.

Վերջին, ամենավերջին անգամ
Այս մեկն, այս մեկն ուրիշ եղիցի՝ այլիվ,
Տե՜ր, ինձ չտանես, ինձ չտանես գարնան դեմ։

***

Հեն է իմ սիրտը, տե՛ս, ծորացող կապույտների տակ, կարկատանների պես
Հերկած հողերում
Զարկվում է գերանդու միանվագ ռիթմի հետ։

Հեն է իմ սիրտը, տե՛ս, խեղդվողի պես դունչը վեր հանած լեռների մշուշում։
Այնտեղ է, տե՛ս, սարսափելի ճերմակներում
Թպրտում է սկողի համառությամբ։

Այնտեղ է, տե՛ս, կորացող հորիզոնի պնակում  գահավեժ,
Այնտեղ է, աստղանկար առաստաղի անտառներում արույրե,
Այնտեղ է, հեռվում, անգույն լռության կտավում,
Բարձրերում շեկ-շեկ,
Ամենուր է, չտեսած գոգերում վուշե

Միայն ոչ պաղարյուն աղմուկի մեջ քաղաքի,
Ուր տարալեզու զրույցներից
Տարուբերվում է փրփուրը գարեջրի՝
Սկուտեղում
Հենց նոր կսմթված մատուցողուհու։

Սիրու՜յն Աստծո, ես այստեղ չեմ, ես այստեղ չեմ։

Comment here