ԳլխավորՓորձադաշտ

«Քո անունը աղջիկ է լոկ…». Հայկ Սիրունյան

Հայկ Սիրունյանը ծնվել է 1999 թ. ապրիլի 30-ին։ Ապրում է Երևանում, սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։

Հրապարակախոսական և վերլուծական հոդված-էսսեներով հանդես է գալիս azgonline կայքում։

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել Հայկ Սիրունյանի առաջին՝ «Ադամամութ» գրքի շնորհանդեսը (բանաստեղծություններ և երեք էսսեներ)։

***

Առանց քեզ, քո պատրանքի,
Քայլիդ բերած քնքու՜շ հովի՝
Օրը օր չէ, ժամը ժամ չէ.
Արտաշունչ է, ակնթարթ է բեկումի,
Մազ-մորուքի աճ է հիմար,
Ուրիշ ոչի՜նչ, ուրիշ ոչի՜նչ…

Երբ դու չկաս՝ վերս վար է, աջս ձախ է,
Աշխարհն է խորթ՝ սրտապատառ գլուխկոնծի:
Երբ դու չկաս՝ միտքս շփոթ բաբելական,
Սիրտս՝ ջրի դանդալոշ կաթ՝
Հուզական անոթներովս մեկ
Նյարդենյա՜րդ, նյարդենյա՜րդ…

Երբ դու չկաս, ու առանց քեզ
Ե՛ս… մատնված մի դատապարտ,
Ե՛ս… վճռաբեկ ու գլխահակ՝
Քայլերիդ մենահատ փամփուշտների
Ձգձգումից
Գնդակահա՜ր, գնդակահա՜ր…

***

Չսիրել քեզ, քե՜զ չսիրել, ասել է թե՝
թիկունքով կանգնել
պայթող ծաղկունքի բորբոքումին,
և շնչել եռացող բույրը նրանց
հպանցի՜կ, վախվորա՜ծ՝ անոթի պես անուշադրի։

Կողքովդ անցնել աննկատ՝
չդիպչելով բամբակե ստվերին քո,
ասել է թե՝
փչել-ցնորել աներազանք
խատուտիկի լամպե գլուխը նուրբ…
աննկատ անցնել — տրորել խատուտիկը
և մեղանչել պարզության դեմ մոգոնումի։

Տեսնել քեզ, քե՜զ տեսնել և չսիրել, չերազել քո հեքիաթը
օգոստոսյան առավոտի պես հուսալի ու ապրեցնող,
ասել է թե՝
թերթել կատալոգը «կյանք» հորջորջումի
զույգ-զուգ, անտարերք,
մնացյալ օրերը չհիշելու, անտեսելու պես
մեքենայաբար։

***

Օր չէր`
Քամուց ցնորվող խատուտիկի
Թավշյա գլխարկ էր, ոչ թե
Հասարակ, ցանցառ մի կիրակի,
Որ անցավ քրքրջոտ հրճվանքի
Կամ րոպեական թախծության նման…

… օրերի հավիտյանս գլուխկոնծու մեջ
Ուրիշ էր, ինչպես մանկուկների պարսի մեջ
Քո մանկան բզզոցն է ուրիշ…

…Ես գրկեցի քեզ, առա կրծքիս հաղթական՝
Հուր մազերիդ մեջ երեսս թաղելով, ու
Ու դու իմն էիր, իմը, ինչպես երբևէ,
Ես էլ քոնը` անուն-ազգանվանդ պես…

Քեզ առա գիրկս ու քանդակեցի հավիտյանս
Ցնդող րոպեները,
և դաջվեց իմ մեջ ցանցառ մի կիրակի,
որ օր չէր, այլ քամուց ցնորվող խատուտիկի
թավշյա գլխարկ
օրերի գլխապտույտ, գլուխկոնծի դաշտերում:

***

Քո անունը աղջիկ է լոկ.
Դու անցյալի մի գինեգույն առասպել ես՝
Շուրթեշուրթ թռնող մե՜ղմ պատրվակ,
Հավիտյանս անավարտ ու տաք մոգոնում:

Քո անունը աղջիկ է լոկ.
Դու մի անտես ուղի ես գաղտնության,
Որ տեղ ես հասնում` դառած եղյամի կաթ
Ու ելնում ետ՝ փռռացող օդի պես ցնդող՝
Շաղելով վուշե շորշոփը բաց ու թափանց:

Քո անունը աղջիկ է լոկ.
Դու ի սկզբանե մի գինեգույն առասպել ես.
Շուրթեշուրթ ծորող թովի՜չ պատրվակ.
Սեղմվող գիշերվա ձյութերից մինչև
Լուսաբացի ճեփ-թափանցը կածան.
Ընդամենը դու աղջիկ ես:

***

Քո գրկում քանի՜ մայրամուտ եմ տեսել,
Արևի քանի՜ փախուստ աննշմար,
Կարմիրի ինչքա՜ն երանգ է կիզել
Հուրհրան վարսիդ կանթեղը վառ:
Ստինքիդ ճաղերն ինչքա՜ն են բանտել
Սավառնող հոգուս՝ արևառ դոշիդ,
Բայց ես լոկ քո հո՜ւր խուցն եմ երազել
Ու վարսերի քո արեգափոշին…

Ինչի՞ս են պետք լույս ու ազատ ուրիշի
Ցերեկները –կենաց տափաստան.
Արի՛, իմ պատի՜ժ, ետ բեր հուր ու շեկ
Գրկիդ կիրքը բանտային…
Ես քո գրկի սոնետն եմ երազել
Ու քո բանտը՝ ստինքիդ ճաղերով,
Որ հար անհաշտ հոգիս է կողպել
Իրիկուն գրկիդ անու՜շ տաղերում:

***

Ես այս տողը գրում եմ պարզ
Ու հասարակ բառերով,
Ինչպես անունդ է՝ միամի՜տ, քնքո՜ւշ «մայր»:
Այս երգի հետ ես չեմ խառնում
Կյանքային խնդիրները մեր լուրթ,
Չեմ հոլովում ես ձայները բորբ ու ամենի,
Չեմ զնգացնում պողպատե մեր բառերը զիլ,
Այլ պարզում եմ ես լուսնին
Հախճապակյա պսպղոցը քո անվան,
Ու թող միայն ակորդ լինի մի պարզ ու հասարակ,
Քնքո՜ւշ ու միամի՜տ՝ կոչումիդ պես «մայր»:

…ամենը բարդ է, ամենը անտես՝
Գիշերով դաշտերում ստվերը ծաղկի
Նշմարելու պես դաժնեդաժան,
Ու դու, իմ քնքո՜ւշ ու միամի՜տ բառ՝
Ինձ համար այս ամենում միակ պարզ
Ու պարզկա սփոփանք.
Մազերիդ ոսկե հասկերի պես հասարակ
Ու մազերիդ ճերմակ սածիլների պես առեղծված մայր.
Ես այս տողը գրում եմ ահա այսպես պա՜րզ ու հասարակ:

Comment here