72 տարեկան հասակում մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, 1–ին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արմեն Մուրադյանը։
«Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։
«Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:
1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:
Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն»,-նշված է գրառման մեջ:



