ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս անգամ որոշում է կայացվել նիստի օրակարգում ներառել այս պահին հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության, մշակութային և այլ իրավունքների ապահովման խնդիրների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի բացի՝ անհրաժեշտ է ունենալ նաև երկարաժամկետ ծրագրեր՝ ակնկալելով այս հարցում խորհրդի անդամների կողմից ներկայացվող առաջարկները:
«Ուսանողների մասով աջակցության ծրագրերը սահմանված են այս ուսումնական տարվա համար, և ներկայում մենք փորձում ենք գտնել ամենաարդյունավետ եղանակը՝ այդ աջակցությունը շարունակելու ուսումնական հաջորդ տարիների համար՝ միաժամանակ խթանելով լավ սովորելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանված ուսուցիչների աջակցությանը, և ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները ճիշտ հասցեագրելու կարիք կա:
Նախարարն առանձնակի կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաև վանդալիզմի գրանցված դեպքերը:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը՝ նշելով, որ այնտեղ տեղադրվել են բոլոր մարզերում առկա թափուր հաստիքները: Ըստ Թամարա Սարգսյանի՝ ներդրված մեխանիզմը գործում է պարզ սկզբունքով. ուսուցիչներից ակնկալվում է միայն առաջնային տեղեկատվություն գրանցել իրենց մասին։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ Հայոցյանի՝ մինչև Կառավարության համապատասխան որոշումը՝ նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում՝ անգամ որևէ փաստաթուղթ չունենալու դեպքում։
Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ:
«Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում՝ տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների ևս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից:
«Այժմ այս մասով Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի նրանց վարձավճարներն էլ փոխհատուցվեն, իսկ մյուսը խումբը վճարովի համակարգում սովորող ԼՂ այն քաղաքացիներն են, որոնք մինչև բռնի տեղահանումը սովորել են ՀՀ բուհերում, և ներկայում նրանց ընտանիքները հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Այդ հարցով համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ որոշակի լուծումներ գտնելու նպատակով»,-նշել է նա: