ԳլխավորԼուր

Ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենսդրական կարգավորում

««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում հայտնել է օրինագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը: Միևնույն ժամանակ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն, բուհերը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին իրականացնում են ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը, սոցիալական խումբը:

««Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող պահանջ` նվազագույնը 10 տոկոսի չափով, իսկ Հարկային օրենսգրքում՝ առավելագույնը 10 տոկոսի պահանջ: Մենք առաջարկում ենք Հարկային օրենսգրքի 10 տոկոսի առավելագույն պահանջը բարձրացնել մինչև 20 տոկոս»,- պարզաբանել է Գևորգ Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ բուհերն ուսման վարձի զեղչ ստացող ուսանողների քանակը կարող են ավելացնել երկու անգամ՝ այդ մասով չավելացնելով իրենց հարկային պարտավորությունները: Արտոնությունից կարող են օգտվել բարձր առաջադիմություն, սոցիալական խնդիրներ ունեցող, պատերազմի մասնակից, սահմանամերձ բնակավայրերում բնակվող և այլ արտոնություններ ունեցող ուսանողները:

Կառավարության առաջարկով եթե մինչև 2024 թ. օգոստոսի 1-ն ուսանողն այդ համակարգի շահառու է, ապա քանի դեռ ուսանող է, կշարունակի օգտվել դրանից: 2024 թ. օգոստոսի 1-ից հետո նոր ընդունվող ուսանողի համար այդ համակարգն այլևս չի գործի: Նոր համակարգով Կառավարությունն ուղղակի կֆինանսավորի այդ ուսանողներին:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը պարզաբանել է, որ 2024 թ. օգոստոսի 1-ից հետո նոր կարգավորումներով գումարը տրվելու է ուսանողին, այլ ոչ թե բուհին:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: