ԳլխավորՔմծիծաղ

Ինչի՞ համար ես սովորում, ուսանո’ղ

Ինչի՞ համար ենք սովորում։ Հարցը ուսանողներին է վերաբերում, որովհետեւ դպրոց գնում կամ գնացել ենք, քանի որ…. Դե, որովհետեւ այլընտրանք չկար՝ ծնողներն ասել են, որ պետք է դպրոց գնալ, գրել-կարդալ սովորել, որ մարդ դառնանք։ Ու տարիքից, անփորձությունից կամ չգիտես ինչից ելնելով՝ ստիպված կամ սիրով, հաճույքով կամ նույնիսկ չմտածելով՝ ենթարկվել ենք։

Իսկ ինչի՞ համար ենք բուհ ընդունվել կամ ցանկանում ընդունվել։ Դե, որովհետեւ… Այստեղ արդեն տարբերակները մի քիչ այլ են, բայց էլի շատ չեն՝ որ լավ աշխատանք գտնելու հնարավորություն ունենամ, դե, մերոնք լրիվ իրավաբան են (բժիշկ, մաթեմատիկոս…), ուսանողական կյանքի (ամեն մեկի համար՝ յուրովի բացատրությամբ), մոտակա քաղաքում՝ ցանկալի է ՝ Երեւանում մի քանի տարի ապրելու երաշխավորված հնարավորություն է, դե, ծնողներս տենց ուզեցին, աղջիկ (տղա) տեսնելու-հավանելու, ու մեկ էլ տեսար՝ բախտս բացվեց։

Տարբերակներից են նաեւ՝ մնամ տունն ինչ անեմ, սենց գոնե էդքան «լոկշ» չի, պապան ասել է՝ դու մի ժամով երեւա էնտեղ՝ մնացածի հետ գործ չունես, բանակի-բանի խնդիր կա, մերոնց խաթեր։

Զարմանալիորեն կա նաեւ տարբերակ՝ ուզում եմ սովորել, որովհետեւ երազել եմ դառնալ ուսուցիչ, տնտեսագետ, իրավաբան, դիվանագետ… Այս շարքում վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուսուցիչն առաջին տեղում չէ, ու դա է նաեւ պատճառներից մեկը, որ… Որ այս օրին ենք։

Քիչ էր մնում մոռանայի՝ հունվարի 24-ին նշվում էր կամ պիտի որ նշվեր Կրթության միջազգային օրը։

Առիթ՝ մտածելու՝ իսկ ինչի՞ համար ես սովորում կամ ցույց տալիս, թե սովորում ես, դու։

usanogh.am

 

Comment here