ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում ուսանողական ցույցերի ավելի քան 2000 մասնակից է ձերբակալվել

Ուսանողական բողոքի ցույց՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում ապրիլի 18-ից շարունակվող պաղեստինամետ ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 2000-ը, հայտնում է CNN-ը։

Մայիսի 2-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ցույցը ցրելու՝ իրավապահների հրահանգները չկատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Համալսարանի տարածքում տեղակայված վրանները հեռացվել են։

Ըստ BBC-ի հաշվարկների՝ ցույցերը տարածվել են ԱՄՆ-ի 45 նահանգների գրեթե 140 քոլեջներում և համալսարաններում: Ցուցարարները պահանջում են, որ կրթական հաստատությունները խզեն իրենց ֆինանսական կապերն Իսրայելի կամ այն ընկերությունների հետ, որոնք առնչություն ունեն Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ ուղղակիորեն անդրադարձել է ցույցերին՝ ցուցարարներին կոչ անելով պահպանել կարգուկանոնը: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին մնում է անփոփոխ։

Վերջին օրերին Գազայում ընթացող պատերազմի դեմ ցույցեր են կազմակերպել նաև Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Կանադայի, Եգիպտոսի, Քուվեյթի, Լիբանանի համալսարանների ուսանողները։