ԳլխավորԼուր

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԱրՊՀ-ի ուսանողները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գևորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու 20 տոկոսի չափով:

Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցած և ուսանող համարվող առավել շատ թվով քաղաքացիների տրամադրելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2024 թ. այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: