ԳլխավորԼուր

Շատ վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար. Արման Թաթոյան

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում լիազորություններն այսօր ավարտվում են, իրեն չի տեսնում պետական համակարգում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում։

«Ես իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Եվ ես շատ վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար, ես գիտեմ, որ նրանք հետևում են և եթե իրենց պատվիրակները դեռ այստեղ են, թող իշխանություններին փոխանցեն, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը, հատկապես Ադրբեջանի խախտումների մասով։ Շարունակելու են նրանց պատերազմական հանցանքները վեր հանել։ Այս առումով շատ ուրախանալու տեղ չունեն»,-ասաց նա։

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծեց, որ իր հետագա աշխատանքը ներառելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միաժամանակ նա հավելեց, որ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկներ չի ստացել, իսկ ստանալու դեպքում կհրաժարվի։

Նշենք, որ Արման Թաթոյանի լիազորությունները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում լրանում է այսօր՝ փետրվարի 23-ին։

«Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում արդեն ընտրել է Քրիստինե Գրիգորյանին։