ԳլխավորԼուր

GPS-ով սահմանագծում իրականացվել չի կարող. Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Անհասկանալի է`, օրինակ, Google քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ Google ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:

Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:

Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:

Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»,-նշել է Արման Թաթոյանը։

Հավելենք, որ օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր Սյունիքի սահմանամերձ բնակավայրեր։

Comment here