ԳլխավորԼուր

Անորոշություն` դիմորդների շրջանում, սննդի թանկացում. Արցախում ճգնաժամն ավելի է խորանում

Վերին Հոռաթաղ

Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցը 2022-23 թթ. ողջ ձմեռ չի ջեռուցվել. դաս կա´մ չեն արել, կա´մ  կրճատել են դասաժամերն ու երեխաներին արագ ուղարկել տուն: Այս մասին Usanogh.am-ին պատմում է գյուղի դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հիմա արդեն դիմորդներն են խնդրի առջև կանգնած. նրանցից շատերն ընդունվել են Հայաստանի բուհեր, բայց չեն պատկերացնում` ինչպես պետք է կազմակերպել առկա ուսուցումը:

«Մեր դպրոցի սովորողների կրթական իրավունքը  ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար խախտվել է: Իրավիճակը ճգնաժամային էր նախ երբ Ադրբեջանը մի քանի անգամ արգելափակեց Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, էլեկտրաէներգիա  նույնպես չէինք ստանում դրսից, իսկ ներքին ռեսուրսները պարզապես չէին բավարարում: Արդյունքում հովարային անջատումներ էին լինում, դպրոցում ջեռուցում այդպես էլ  չիրականացվեց: Հիմա հովարային անջատումներն ավելի են շատացել. եթե  նախկինում երկու ժամով էին  անջատումներ լինում, հիմա դրանք ավելի երկար են տևում: Ինչքան գնում` ճգնաժամն ավելի է խորանում, չեմ կարծում, թե դրական միտում կլինի»,-ասում է Արուս Մարտիրոսյանը:

Նա պատմում է, որ Վերին Հոռաթաղում տեղահանված ընտանիքներ չունեն, փոխարենը կա Հայաստանից եկած ընտանիք, այդ ընտանիքի երեխաները հաճախում են գյուղի դպրոց:

Usanogh.am-ը հետաքրքրվեց` ինչ իրավիճակ է գյուղում պարենի և դեղորայքի հետ կապված:

Արուս Մարտիրոսյանի խոսքով` դեղորայքի  առումով խնդիրը բավական  լուրջ է. «Հիվանդներին մինչև վերջերս գոնե Կարմիր Խաչի միջոցով տանում էին Հայաստան, հիմա այդ  հնարավորությունն էլ չկա»,-ասում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է սննդին, Արուս Մարտիրոսյանը շեշտում է` որքան հնարավոր է` օգտագործում են իրենց ունեցած ռեսուրսները.

«Օրինակ` այգիների պտուղ-բանջարեղեն ենք օգտագործում, բացարձակապես ոչինչ չի ներմուծվում: Քաղաքներում այս առումով վիճակն ավելի վատ է, քան գյուղերում: Այնտեղ կտրուկ գնաճ է արձանագրվել մթերային շուկայում: Գյուղացիները ինչ կարող են` հանում են վաճառքի, բայց դա բավարար չէ:  Բայց դե արցախցիները հարեհաս են, իրենց վերջին պատառն էլ իրար հետ կիսում են, արցախցին հաստատ ելք կգտնի, չենք հուսահատվում»,-եզրափակում  է Արուս Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցում նշվում է, որ գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ հունվարի 18-30- ը ընդհանրապես չեն գործել բոլոր 118 դպրոցները՝ շուրջ 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից, իսկ փետրվարի 7-20-ը դադարեցվել է գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել էին բոլոր 41 մանկապարտեզները, 56 նախադպրոցական խմբերը, մասնակի էր աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, ինչի հետևանքով 6,828 երեխա այլևս չէր կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: Իսկ փետրվարի 23-ից, սննդի ու ջեռուցման խնդիրների լուծման արդյունքում, վերականգնվել են նշված կրթօջախների աշխատանքները:

Հավելենք, որ հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ