Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: Այս մասին նա ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:
«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց տվյալները»,- ասաց Ամատունին:
Զառա Ամատունին նաեւ հիշեցրեց, որ գերեվարված անձանց վերադարձնելու գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո։
Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անուններ։
Գերիների, անհետ կորածների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։