ԳլխավորԼուր

Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ են նվաճել Եվրոպական խաղերում

Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը

Լեհաստանում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերում հունիսի 23-ին մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) «ատրճանակ» ձևի 10մ, 30+30 կրակոց  թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները դարձել են արծաթե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախորդ օրը՝ անհատական պայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չեն կարողացել նվաճել Եվրոպական խաղերի գնդակային հրաձգության մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն):

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հրաձգության մրցումները վարկանիշային են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Էլմիրա Կարապետյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել է 2022 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ գրավելու շնորհիվ։

Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:

Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը: