Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սա Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին էր։ Ավելի վաղ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։
Հուլիսի 22-ին էլ Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այն անցկացվում է հուլիսի 20-26-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



