ԳլխավորԼուր

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գոռ Խաչատրյան

Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում Գոռ Խաչատրյանը 381 միավորով ճանաչվել է հաղթող, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիյից։

Առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում։

Ավելի վաղ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը և Համլետ Կարենյանը միասին 1082 միավորով դարձել են արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան–Անահիտ Սարգսյան–Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։

Մրցումային 3-րդ օրը հրաձիգները պայքարել են խառը վազք մրցաձևում։ Կանանց անհատական պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը` 373 միավոր արդյունքով։

Գոհար Հարությունյան–Լիլիթ Մկրտչյան–Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Օգոստոսի 31-ին մարզիկները մրցելու են միքս մարզաձևում։