Ֆրանսիայիում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին եւ գրավեց 9-րդ տեղը։
Շատորու քաղաքի Ազգային կենտրոնական հրաձգարանում անցկացվող մրցաշարում մեր մարզիկը վաստակեց 576 միավոր՝ 60 կրակոցում խոցելով 94, 98, 93, 97, 98, 96 միավոր:
Եզրափակիչ դուրս եկան լավագույն 8 արդյունքը ցույց տված հրաձիգները:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացված է 15 ներկայացուցիչներով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը:
Այսօր որակավորման փուլերում հանդես կգան նաև մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը: