Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Լողի որակավորման փուլին մասնակցեցին 32 մարզուհիներ, որոնք բաժանվել էին 8 հոգուց բաղկացած խմբերի:
Կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունքը գրանցած մարզուհիները՝ անկախ իրենց խմբից:
Մանուչարյանն իր խմբում ելույթը եզրափակեց երրորդ տեղում, սակայն դա բավարար չէր. նա 1 րոպե 1,24 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 26-րդ տեղը:
Որակավորման փուլում լավագույնը չինացի Յուֆեն Ժանն էր, որը 100 մետր տարածությունն անցավ 56,5 վայրկյանում:
Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա ելույթները կսկսի հուլիսի 30-ին։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացված է 15 ներկայացուցիչներով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը:
Այսօր որակավորման փուլերում հանդես կգան նաև մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: