ԳլխավորԼուր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն է Տոկիո 2020-ում, ինչպես նաեւ հայ մարմնամարզիկների առաջին օլիմպիական մեդալը 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերից հետո։

Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

Comment here