ԳլխավորԼուր

ՀԵՀ-ի ուսանողն ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել

Էդվարդ Հովհաննիսյան

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ագրեսիայի զոհ էին դարձել 3 հայ զինծառայողներ։ Նրանցից մեկը՝ Էդվարդ Հովհաննիսյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող էր։

«Սրտի կսկիծով և խորը ցավով հայտնում ենք, որ նախօրեին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հերթական խախտման և ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության հեռակա բաժնի առաջին կուրսի ուսանող Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Էդվարդի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 13:00-ին, Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում»,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում: