ԳլխավորԼուր

Հայտնի են երեկ զոհված զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը, հայտնում են ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Երեկ հայտնել էինք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

Ժամը 22:00-ից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր, որը պահպանվել է առավոտյան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը վերջին օրերին պարբերաբար խախտվում է։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: