ԳլխավորԼուր

Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 15-ը

ՀՀ կառավարությունը ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի առկա, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին, հիշեցնում են Շիրակի պետական համալսարանից:

2021-2022 ուստարում ուսումնառող բոլոր այն ուսանողները, որոնք ընդգրկված են ընտանեկան նպաստ համակարգում, իրենց ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը՝ անձնագրի պատճենի հետ միասին, կարող են ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ 2021 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծություն է սահմանվել 28.00 միավորը:

Բացի այդ, պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում է տրամադրում համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի առկա, հեռակա ուսուցման համակարգի սոցիալական աջակցություն ստացող՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած ուսանողներին:

Վերոնշյալ կարգավիճակ ունեցող ուսանողներն իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթերը (տեղեկանքները)՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ միասին կարող են ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Վերոնշյալ փոխհատուցման հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ կամ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին:

Comment here