ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը:
Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):
Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում:
Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: Նախագծով սահմանված են նաև կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։
Կրեդիտների չափումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում կրեդիտը սովորողին տրվում է տվյալ առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Կրեդիտը տրվում է, եթե առարկայական դասընթացը (մոդուլը) կրթական ծրագրի առանձին մաս է` մեկ ուսումնական տարի (առանձին դեպքերում՝ կիսամյակ) տևողությամբ, իսկ վերջնարդյունքը պարտադիր գնահատված է: Դասընթացները (կրթական մոդուլները) ներառում են չափորոշչով սահմանված պարտադիր և դպրոցական բաղադրիչները: Դպրոցական բաղադրիչի դասընթացներն առաջարկվող ցանկից ընտրում է սովորողը, իսկ դրանց յուրացման տևողությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։
Կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է տարեկան գնահատականների կամ փոխադրական և ավարտական քննությունների, ինչպես նաև արտաքին գնահատման միջոցով:
Կրեդիտի հաշվառումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։
Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։
Ակադեմիական տեղեկագիր
Սովորողի կրեդիտները, ստացած գնահատականները, ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակն արտացոլվում է ակադեմիական տեղեկագրում: Յուրաքանչյուր սովորողի համար տեղեկագիրը վարում է դպրոցը 10-րդ դասարան ընդունվելու պահից սկսած:
Ակադեմիական տեղեկագրում նշվում են կրեդիտների գումարային քանակը, գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները, միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը:
Կրեդիտները կարող են փոխանցվել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող մեկ ուսումնական հաստատությունից մյուսին: Այլ աստիճանի կամ կրթական այլ ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցվում են երկու հաստատությունների համաձայնությամբ` սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
Կրեդիտները փոխանցելու պայմանները
Կրեդիտների փոխանցումը 10-12-րդ դասարաններից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կատարվում է հետևյալ պայմաններով.
• կրթական ծրագրերը կամ դրանց բովանդակությունը միանման է կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,
• առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
• կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի փորձաքննության հիման վրա։
Կրեդիտային համակարգի ներդրման փուլերը
Կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքները կրեդիտների միջոցով չափելու, հաշվառելու և փոխանցելու համակարգ` երկու փուլերով:
Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում և Տավուշի մարզում:
Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում՝ առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող լրամշակումներից հետո:
Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։