ԳլխավորՄի կտոր գիրք

«Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին». Սերվանտես

Ներկայացնում ենք հատվածներ իսպանացի աշխարհահռչակ գրող Սերվանտեսի (Միգել դե Սերվանտես Սաավադրա, 29 սեպտեմբերի, 1547 -22 ապրիլի, 1616) «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» ստեղծագործությունից։

***

Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։

Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։

***

Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։

***

Եվ ահա, երբ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել և ինքն էլ փոխել ու վավերացրել էր իր անունը, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև հայտնի է, որ թափառական ասպետն առանց սիրո նման է ծառի՝ առանց տերևի և պտղի կամ մարմնի՝ առանց հոգու։ Նա ասում էր ինքն իրեն՝ եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ ավելի ճիշտ՝ երջանիկ բախտի բերմամբ ես հանդիպելու լինեմ հսկայի (ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին) և առաջին իսկ ճակատամարտում նրան տապալելու լինեմ կամ երկու կես անեմ կամ վերջապես հաղթեմ և հարկադրեմ խնդրելու, որ խնայեմ իր կյանքը ― հիանալի չի՞ լինի արդյոք նման դեպքերում ունենալ մի տիկին, որին կարելի լիներ հսկային նվեր ուղարկել, որպեսզի նա ներս մտնի իր անուշ իշխանուհու մոտ, ծունկ չոքի և հեզ ու խոնարհ ասի՝ «Ես Կարակուլիամբրո հսկան եմ Մալինդրանիա կղզու արքան․ ինձ մենամարտության մեջ հաղթեց դոն Կիխոտ Լամանչեցի ասպետը, որի սխրագործությունները ամեն գովասանքից գերազանց են։ Նա հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի ըստ իր հայեցողության իմ բախտը»։ Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց նա, երբ որ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։

Պատմում են, թե հարևան գյուղում ապրելիս է եղել մի շատ սիրունատես ջահել գեղջկուհի, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, լուրերի համեմատ, գլխի չի ընկնելիս եղել և նրա վրա ոչ մի ուշադրություն էլ դարձնելիս չի եղել։ Նրա անունը Ալդոնցա Լորենցո է եղել։ Սրան էլ մեր ասպետը, վճռեց տալ իր սրտի տիրուհու տիտղոսը։ Որոնելով նրա համար նոր անուն, որ նրա սեփական անունից շատ էլ չտարբերվեր և միաժամանակ հիշեցներ որևէ դշխուհու կամ ազնվական սինյորուհու անունը, նա վճռեց անվանել Դուլսինեա Տոբոսցի, որովհետև նրա ծննդավայրը՝ Տոբոսն էր։ Այդ անունը, նրա հայացքով, հնչալուր, նրբին և ոչ պակաս արտահայտիչ էր, քան այլ անունները, որ նա արդեն իսկ հնարել էր։

***

Նա քշեց ձին և մոտեցավ պանդոկին այն վայրկյանին, երբ մութն արդեն ընկնելու վրա էր։

Այդ միջոցին պատահաբար դարպասի մոտ երկու երիտասարդ կին կար կանգնած, այն կանանցից, որ թեթև վարքի տիկիններ են կոչվում։ Նրանք մի քանի ջորեպանների հետ ուղևորվում էին Սևիլիա և վեր էին եկել, որ գիշերն այս պանդոկում անցկացնեն։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում ա՛յն ամենը, որ նա խորհում, տեսնում ու երևակայում էր ― ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա պանդոկը տեսնելուն պես նա իսկույն վճռեց, թե սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամուրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։ Նա մոտեցավ պանդոկին (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու, սանձը քաշելով, պահեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով, որ դղյակը ասպետ է եկել։

Սակայն, որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտապում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և հասավ այնտեղ կանգնած թեթև վարքի տեր աղջիկներին, որոնք նրան թվացին գեղանի աղջիկներ կամ չնաշխարհիկ տիկիններ՝ դուրս եկած դղյակի առջև զբոսանքի։ Եվ պատահեց, որ այդ իսկ վայրկյանին ինչ֊որ խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելուց (ընթերցողը թող ների, որ ես նրանց իրենց անունով եմ կոչում) փող փչեց, որ նրանց մեկ տեղ հավաքի, և դոն Կիխոտը իսկույն երևակայեց, ինչ որ նա սաստիկ ուզում էր, այսինքն՝ թե դա թզուկն է իր գալուստը ազդարարում։ Ուստի նա մեծ գոհունակությամբ մոտեցավ տիկիններին, որոնք էլ տեսնելով, որ ինչ֊որ ձիավար տարօրինակ զինված, նիզակ ու վահանով մոտենում է իրենց, վախեցան և ուզում էին ներս վազեն։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե սաղավարտը և ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, քաղցր քաղաքավարությամբ ու մեղմ ձայնով ասաց նրանց․

― Մի՛ փախեք ինձնից, տիկիններ և մի՛ք վախենա, որ ես որևէ բանով կվիրավորեմ ձեզ, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, թույլ չի տրվում վիրավորել որևէ մեկին, առավել ևս այդքան նշանավոր ― ինչպես կարելի է հետևեցնել ձեր տեսքից ― օրիորդներին։

Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր անպետք սաղավարտով։ Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, մի տիտղոս, որ այնքան քիչ էր սազում իրենց արհեստին, նրանք չկարողացան իրենց ծիծաղը պահել։

***

Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից, որ Սանչոյին թույլ է տրվում հեծել երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցմունքների չի հանդիպել։ Սանչոն նկատեց, որ ժամանակ է արդեն բան ուտելու։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքն առայժմս չի ուզում, բայց թե Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել՝ շարունակելով կամաց֊կամաց գնալ դոն Կիխոտի ետևից։ Մերթ ընդ մերթ նա բերանը դնում էր տկին այնպիսի հաճույքով, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր ղոչաղ միկիտանչի Մալագայում։ Այսպես, դանդաղ քայլով, տմբտմբալով և կում֊կում գինի խմելով՝ նա իսպառ մոռացավ բոլոր խոստումների մասին, որ տվել էր նրան դոն Կիխոտը, և թվում էր նրան, թե արկածների որոնումներով թափառելը, անգամ վտանգավոր արկածների, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։

Վերջապես, երբ որ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, որը մի կերպ կարող էր փոխարինել նիզակը, կպցրեց երկաթե ծայրը, որ պոկել էր կոտրած նիզակից։ Ամբողջ այդ գիշերը նա աչքերը խուփ չարեց, խորհելով իր տիրուհու՝ Դուլսինայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի ասպետներից, որոնց մասին նա կարդացել էր վեպերում։ Քանի՜֊քանի՜ անքուն գիշերներ են անցկացրել նրանք անտառներում և անապատներում խորասուզված հուշերի մեջ իրենց սրտի սիրուհիների մասին։ Բոլորովին այլ կերպ անց կացրեց գիշերը Սանչոն։ Սրա փորը լիքն էր, այն էլ ցիկորի ջրով չէր լի, ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։

Եվ եթե դոն Կիխոտը նրան մի քանի անգամ ձայն չտար, նա չէր զարթնի ո՛չ արևի ճառագայթներից, որ ընկել էին նրա երեսին, ո՛չ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։ Ւսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը շուտով չի աջողի լրացնել։ Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, որովհետև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ անուշ հուշերով։ Նրանք առաջ ընթացան Պուերտո Լապիսի ճամփով և ժամի երեքին մոտ կիրճին հասնելու վրա էին։ Տեսնելով հեռվից կիրճը՝ դոն Կիխոտն ասաց․

― Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռները մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ի՜նչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնություն հասցնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և չի թույլատրվում, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։

― Կարող եք բոլորովին ապահով լինել, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ մտնել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և՛ աստվածային, և՛ մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։

― Նույնն էլ ե՛ս եմ ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հիշի՛ր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։

― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։