ԳլխավորՀայաստանսՄի կտոր գիրք

Մեր լեզուն մեր խիղճն է դա… Մայրենի լեզվի օրվա առթիվ

Մատենադարան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման միջազգային օր, նշվում է 2000 թվականից։ 2005 թվականից Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում։

Ներկայացնում ենք հայ բանաստեղծների՝ մայրենի լեզվին նվիրված ստեղծագործություններից։

Համո Սահյան. «Մեր լեզուն»

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Վահագն Դավթյան. «Հայոց լեզու»

Քանի գնում, այնքան քաղցրանում ես քիմքիս,
Հին գինի ես դառնում, արշալույսի տաք հաց…
Իմ մայրենի բարբառ՝ որձաքարը հիմքիս,
Դու սրբազան իմ հող, ակոս իմ բաց…

«Հող» եմ ասում ահա, և դու մխում ես լուռ,
Եվ մխանքից քո տաք նախնյաց հոտ է գալիս,
Եվ մխում են նորից սպիներդ տխուր,
Եվ մխում է ցավը կորուսյալի:

«Մայր» եմ ասում, և դու քնքշանում ես այնպես,
Թրթռում ես որպես խղճի շշուկ ու հույս,
Ցավ ես դառնում խոնարհ, դառնում աղոթք մի հեզ
Ու հեռվից տուն կանչող իրիկնալույս:

«Սեր» եմ ասում, և դու արձագանքում ես «սուրբ»,
Ալեվետում ես դու մի ոգեղեն դողով,
Դու քրմորեն ծնկում ու համբուրում ես լուռ
Հողն ու արշալույսի ձեռքը ցողոտ:

Ես «Արյուն» եմ ասում, և դու այրվում ես հիր,
Բոցկլտում ես հեռու մուժից նախնադարյան,
Զոհասեղան դառնում Ավարայրում կարմիր,
Խենթ ոգի ես դառնում, երգում «հարյավ»…

Ես «Ցորյան» եմ ասում, դու աստղի պես ցոլում,
Գեղեցկանում ես դու որպես վաստակ,
Ջրաղաց ես դառնում, զրնգում ես ձորում
Ու բուրում ես իբրև ալյուրը տաք:

Ես «Ողկույզ» եմ ասում, դու օրհնվում լույսով,
Բուրումներն ես փռում շողուն շոգի,
Հողի համն ես բերում, աստղի ցոլանքը զով,
Բերում արարչական մի մեծ ոգի:

Ես «Հավատ» եմ ասում, հնչյուններդ բոլոր
Ասես ծունկի իջնում Արարատի հանդեպ,
Բռնկվում են ասես մի սրբազան դողով,
Շիկանում են ասես, դառնում շանթեր:

Ես «Երդում» եմ ասում, և իմ աջը դանդաղ
Բարձրանում է, հանգչում սրտիս վրա…
Քեզ իմ շունչը վերջին, իմ արյունը արդար,
Քե′զ, իմ ոգի, իմ հող, հաց ու կրակ…

Եղիշե Չարենց. «Մեր լեզուն»

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։–

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,–
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ–
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։–

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։–

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,–
Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ…

Սիլվա Կապուտիկյան. «Խոսք որդուս»

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
Ու թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին…
– Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:

Հովհաննես Շիրազ. «Հայոց լեզուն»

Մի հայրենադարձ պատանու
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի —
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

Գևորգ Էմին. «Մեր այբուբենը»

Այբուբեն չէ սա՝
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ։
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար։
Խարիսխը նավի,
Ծառը դպրության,
Կնիքն ինքնության,
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան։
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ՝ անմար ջահի։
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար…
Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,
Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր։
Տունը ցամաքում, տապանը ջրում,
Րոպեն սլացքում.
Ցորյանը արտում,
Ուղին անհայտում,
Փառքը սխրանքում։
Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.
ԵՎ
Օջախն անմար, օժիտն անհատնում,
Ֆե–ից մինչև Այբ։

Նաիրի Զարյան. «Հայերեն»

Ինչո՞ւ չես խոսում հայերեն…
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, —
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

Պարույր Սեւակ. «Հայոց լեզու»

Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի…

Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:

Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:

Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:

Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական…

Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:

Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում…

Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:

Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ…Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:

Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ…

Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից…

Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:

Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:

Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում…
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում —
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս…

Comments (1)

  1. […] Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, […]

Comment here