ԳլխավորՄի կտոր գիրք

Վահագն Դավթյան. Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի ուխտավորի սիրով ու սրբությամբ…

Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:

Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:

Եւ թվում էր ինձ,
Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից,
Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց…
Ես գնում էի
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից,
Բայց վերադառնում ունայն ու հոգնած:

Լո՛ւյս առավոտի,
Դու որ նման ես երաժշտության,
Եկ ու փարատիր այս տագնապը խուլ,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու դիր ճակատիս
Բարակ մատներիդ հրաշքը տխուր:

Գիտե՛ս դու,
Գիշերն իմ այս տարիքում ցավ է ու կասկած,
Եկ, արտույտի պես ինձ վրա թեւիր,
Դիր ափերիս մեջ հավատն իբրեւ հաց,
Ու գնանք նորից
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից…

***

Վազն է լալիս այգում, լալիս հուլունք- հուլունք,
Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ,
Կա՞ աշխարհում, արդյոք, այդքան անզուսպ ու լուռ,
Այդքան ուրախությամբ լեցուն ուրիշ մի լաց:

Այդ լացի մեջ լռին՝ մայրանալու հրճվանք,
Այդ լացի մեջ պայծառ՝ հուզմունքն արարողի,
Այդ լացի մեջ գարնան բուրումն ու շունչը տաք,
Ու տարփանքները տաք հասունացած հողի:

Եվ այդ լացին պայծառ, արտասուքին այդ լուռ
Չի՜ հասնի ոչ մի խենթ ուրախության շառաչ…
Վազն է լալիս այգում, լալիս հուլունք- հուլունք,
Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ:

***
Օրհնյա՜լ լինես դու…
Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:
(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…
Օրհնյա~լ լինես դու,
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…
Ե’ս աստվածներին դարձա հավասար ,
Օրհնյա՜լ լինես դու…

***

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի

Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
Ու չէր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
Ուխտավորի սիրով ու սրբությամբ:

Ուրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
…Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
Ու անձրևն էր լալիս մեղմ ու տխուր…

Վահագն Դավթյան (15.08.1922-21.02.1996)

Comment here