ԳլխավորՄի կտոր գիրք

«Ալպիական մանուշակ». Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատված նրա «Ալպիական մանուշակ» պատմվածքից։

***

Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր… Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։

Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։

Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։

Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։

Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը։

Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ…

***

Իրիկնացավ։

Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։

Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը,- մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։

Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։

Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում՝ բարձի վրա, երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։

Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։

Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։

Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։

Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։

Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…

Տես նաև՝ Հայ գրողների լավագույն ստեղծագործությունները՝ ըստ Usanogh.am-ի

Comment here