ԳլխավորՄի կտոր գիրք

«Դժվար է Աստված լինել». Ստրուգացկի եղբայրներ

… Լրտես․․․ — կրկնեց Կիունը։  Այո, իհարկե։ Մեր ժամանակներում շատ հեշտ ու օգտակար է լրտես լինելը։ Մեր արծիվը, ազնվազարմ դոն Ռեբան, պարտավոր է իմանալ, թե ինչ են խոսում ու մտածում թագավորի հպատակները։ Շա՜տ կուզեի լրտես լինել «Գորշ ուրախություն» պանդոկում, շարքային լրտես։ Շա՜տ լավ, շա՜տ պատվավոր գործ է։ Երեկոյան ժամը վեցին մտնում ես գարեջրատուն ու նստում իմ սեղանի մոտ։ Պանդոկապանը շտապ ինձ է մոտենում առաջին գավաթով։ Ինչքան ուզեմ, կխմեմ, գարեջրի համար վճարում է դոն Ռեբան, ավելի ճիշտ՝ ոչ ոք չի վճարում։ Ես նստում եմ, գարեջուր խմում ու ականջ դնում։ Երբեմն ձևացնում եմ, թե գրի եմ առնում խոսակցությունները, և լեղապատառ մարդուկները իսկույն ինձ են մոտենում իրենց բարեկամությունն ու քսակը առաջարկելով։ Նրանց աչքերում ես տեսնում եմ միայն իմ ուզածը՝ շնային հավատարմություն, հարգալից վախ ու մի սքանչելի անզոր ատելություն։ Ես անպատիժ կարող եմ ձեռք գցել աղջիկներին ու կսմթել կանանց՝ աժդահա ամուսինների աչքի առաջ, ու նրանք միայն ստորաքարշորեն կհռհռան․․․ Հրաշալի դատողություն է, չէ, ազնվազարմ դոն։ Ես սա լսել եմ մի տասնհինգամյա տղայից՝ Հայրենասիրական դպրոցի ուսանողից․․․

— Ու դու ի՞նչ ասացիր նրան,- հետաքրքրվեց Ռումատան։

— Իսկ ի՞նչ կարող էի ասել։ Նա չէր հասկանա։ Ու ես նրան պատմեցի, որ երբ Վագա Անվի մարդիկ լրտես են բռնում, պատռում են նրա փորը ու մեջը պղպեղ լցնում․․․ Իսկ հարբած զինվորները լրտեսին խցկում են պարկն ու խեղդում արտաքնոցում։ Ու սա զուտ ճշմարտություն է, բայց նա չհավատաց ինձ։ Նա ասաց, որ դպրոցում նրանք այդպիսի բաներ չեն անցել։ Այդ ժամանակ ես մի թուղթ հանեցի ու գրեցի մեր խոսակցությունը։ Դա ինձ պետք էր գրքիս համար, իսկ նա, խղճուկը, որոշեց, որ ես դա գրում եմ մատնելու համար, ու վախից տակը թրջեց․․․

Թփերի միջից երևացին Կմախք Բակոյի պանդոկի լույսերը։

***

Ճանապարհի ոլորանից դուրս պրծան երկու հեծյալ և, տեսնելով նրան, միանգամից կանգ առան։

— Հե՜յ, դու, ազնվազա՜րմ դոն, — գոռաց մեկը։ — Հապա մի անցագիրդ ցո՛ւյց տուր։

— Լկտի՛,- ապակե ձայնով խոսեց Ռումատան։ -Դուք հո անգրագետ եք, անցագիրը ձեր ինչի՞ն է պետք։

Նա ծնկներով խթանեց հովատակին ու վարգով ընդառաջ գնաց գրոհայիններին։ Վախենում են, մտածեց նա։ Խեղճացել են․․․ Գոնե մի երկու ապատակ հասցնեի։ Ո՛չ․․․ Չի՛ լինի։ Ոնց է ուզում թափել օրվա ընթացքում կուտակված ատելությունը և, կարծես, բան չի ստացվի։ Մնանք մարդասեր։ Ներենք բոլորին ու խաղաղ լինենք աստվածների պես։ Թող նրանք կոտորեն ու պղծեն, մենք խաղաղ կլինենք աստվածների պես։ Աստվածները շտապելու տեղ չունեն, նրանց առջևում հավերժությունն է։

Նա կիպ մոտեցավ հեծյալներին։ Գրոհայինները վեհերոտ բարձրացրին կացիններն ու հետ֊հետ գնացին։

-Հը՞,- ասաց Ռումատան։

— Դե ինչ, ուրեմն․․․ շփոթված ասաց առաջին գրոհայինը։ — Ուրեմն, էդ դո՞ւք եք, ազնվազարմ դոն Ռումատա։

Երկրորդ գրոհայինը իսկույն շրջեց ձիու գլուխն ու մի կողմ սլացավ։ Առաջինը շարունակում էր հետ֊հետ գնալ, իջեցնելով կացինը։

— Ներող կլինեք, ազնվազարմ դոն,- շուտասելուկի պես կրկնում էր նա։- Չճանաչեցինք։ Սխալվեցինք։ Պետական գործ է, սխալները միշտ հնարավոր են։ Տղերքը մի քիչ կոնծել են ու գլուխները տաքացրել․․․ Ինքներդ գիտեք, դժվար ժամանակներ են․․․ Բռնում ենք փախստական ուսյալներին։ Մենք չէինք ցանկանա, որ դուք բողոքեիք, ազնվազարմ դոն․․․

Ռումատան մեջքը դարձրեց նրա կողմը։

— Բարի ճանապարհ ազնվազարմ դոնին,- թեթևացած ասաց գրոհայինը։

Երբ նա հեռացավ, Ռումատան կամացուկ կանչեց․

— Կիուն։

Ոչ ոք չպատասխանեց։

— Հե՜յ, Կիո՜ւն։

Ու նորից պատասխան չստացավ։ Լարելով լսողությունը՝ նա մոծակների բզզոցի միջից լսեց թփերի խշխշոց։ Կիունը արագ֊արագ դաշտի միջով գնում էր դեպի արևմուտք, որտեղ քսան մղոն հեռավորությամբ անցնում էր իրուկանյան սահմանը։ Ահա և բոլորը, մտածեց Ռումատան։ Ահա և ամբողջ խոսակցությունը։ Միշտ նույն բանն է։ Ստուգում, երկիմաստ առակների զգույշ փոխանակում․․․ Շաբաթներով զզվում ես հազարումի տականքների հետ խոսելուց, իսկ երբ իսկական մարդու ես հանդիպում՝ խոսելու ժամանակ չի լինում։ Պետք է թաքցնել նրան, փրկել, ապահով տեղ ուղարկել, և նա գնում է, այդպես էլ չհասկանալով՝ բարեկամի՞ էր հանդիպել, թե քմահաճ վիժվածքի։ Եվ դու ինքդ էլ ոչ մի բան չես իմանում նրա մասին։ Ի՞նչ է ուզում նա, ի՞նչ կարող էր անել, ինչո՞ւ է ապրում։

Նա հիշեց իրիկնային Արկանարը։ Գլխավոր փողոցի քարակերտ տները, գինետան կողքի բարեհամբյուր լապտերիկը։ Կուշտ ու բարեհոգի խանութպանները գարեջուր են խմում մաքուր սեղանների մոտ նստած ու խոսում են, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որ հացի գներն ընկնում են, իսկ զրահների գները բարձրանում են, դավադրությունները ժամանակին են մերկացվում, կախարդներին ու կասկածելի ուսյալներին ցից են հանում, թագավորը, ինչպես միշտ, մեծ է ու պայծառ, իսկ դոն Ռեբան անսահման խելոք է և աչալուրջ։ «Ինչ ասես չեն հորինի․․․ Աշխարհը կլոր է․․․ Է՜, ինձ որ մնա՝ թող քառակուսի լինի, բայց դու մարդկանց մտքերը մի պղտորի․․․» «Ամեն վատ բան գրքերից է գալիս, եղբայրներ»։ Իբր «երջանկությունը փողի մեջ չէ, իբրև գյուղացին էլ մարդ է, հետո ավելի վիրավորական ոտանավորներ են թխում, իսկ հետո էլ՝ խռովություն․․․», «Դրանց բոլորին ցից պետք է հանել, եղբայրներ․․․ Ես գիտե՞ք ինչ կանեի, դրանց մեկ֊մեկ կհարցնեի՝ գրագե՞տ ես։ Ցի՛ց հանել։ Ոտանավո՞ր ես գրում։ Ցի՛ց հանել։ Աղյուսակ գիտե՞ս։ Ցի՛ց հանել, շատ բան գիտի․․․», «Բինա՛, թմբլիկ, էլի երեք գավաթ գարեջուր բեր ու տապակած ճագար․․․»։ Իսկ սալարկած խճուղու վրա պայտած կոշիկներով դխկդխկացնում են (դը՛խկ, դը՛խկ, դը՛խկ) գորշ շապիկներ հագած և աջ ուսերին ծանր կացիններ դրած հաղթանդամ կարմրամռութ ջահելները։ «Եղբայրներ, ահա նրանք, մեր պաշտպանները։ Մի՞թե սրանք թույլ կտան։ Ո՜նց չէ․․․ Իսկ իմը, իմը․․․ Աջ կողմում է։ Երեկ դեռ դնգստում էի նրան։ Հա, եղբայրներ, հիմա ձեզ համար խառը ժամանակներ չեն։ Գահի հաստատություն, բարեկեցություն, անխախտ խաղաղություն և արդարություն։ Ուռա՜, գորշ վաշտեր։ Ուռա՜, դոն Ռեբա։ Փա՜ռք մեր թագավորին։ է՜հ, տղերք, ի՞նչ հրաշալի կյանք է․․․»։

Իսկ Արկանարի թագավորության մթին հարթավայրով, որը լուսավորվում էր հրդեհների հրացոլքով ու կրակի կայծերով, մոծակների խժռած ճանապարհներով ու արահետներով, արնաշաղախ ոտքերով, քրտնքի ու փոշու մեջ կորած, տանջված, ահաբեկված, հուսալքված, սակայն պողպատի պես ամուր իրենց միակ համոզմունքի մեջ, փախչում են նրանք, գնում են, շրջանցելով ուղեկալները, փախչում են օրենքից դուրս հայտարարված հարյուրավոր դժբախտներ, որովհետև նրանք կարող են և ուզում են բուժել ու սովորեցնել հիվանդություններից տառապող ու տգիտության մեջ խարխափող իրենց ժողովրդին, որովհետև նրանք էլ, աստվածների պես, կավից ու քարից արարում են երկրորդ բնությունը՝ զարդարելով գեղեցկությանն անտեղյակ ժողովրդի կյանքը, որովհետև նրանք թափանցում են բնության գաղտնիքների մեջ, կամենալով այդ գաղտնիքները ի սպաս դնել իրենց անփորձ, հազարումի անհեթեթությամբ ահաբեկված ժողովրդին։ Անպաշտպան, բարի, անգործնական, իրենց ժամանակից շատ առաջ քայլող մարդիկ․․․

Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի

Հատվածներ «Դժվար է Աստված լինել» ստեղծագործությունից

Comment here