ԳլխավորՄի կտոր գիրք

Սմբատ Շահազիզ. «Երազ»

Սմբատ Շահազիզ

Հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզի (17 (05).09.1840) ծննդյան օրն է։

***

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․

Երգ մեռնող հայրենասէրի

Ազնի՜ւ ընկեր, մեռանում եմ,

Բայց հանգիստ եմ ես հոգով,
Իմ թըշնամիքս ես օրհնում եմ,
Օրհնո՛ւմ եմ քեզ Աստուծով։

Հեռանում եմ, անգի՜ն ընկեր,
Չգնահատուած ոչ ոքից.
Բայց հաւաստեաւ անձնանուէր
Ազգիս մշակ կը հաշուիմ։

Ազնի՜ւ ընկեր, չմոռանաս.
Անդաւաճան ջերմ սիրով
Ես սիրել եմ իմ հայրենիք,
Գնա՛ եւ դու նոյն շաւղով։

Խեղճութիւնը հայոց ազգի
Կարեկցաբար մտածի՛ր.
Ոսկեգրքոյկն Եղիշէի
Քաջ առաջնորդ քեզ ընտրի՛ր։

Այնտեղ սուրբ կրօն, ազգ միաբան
Ազատ կամքով եւ խղճով.
Այնտեղ Վարդան, անմա՜հ Վարդան,
Իւր խնկելի քաջերով։

Հայրենի՛ք, ― սեղան սրբութեան,
Ես Աստուծոյ առաջեւ
Շատ կ՚աղաչեմ, շատ կ՚արտասուեմ,
Որ ծագէ քեզ նոր արեւ։

Սիրելի

Ծա՛նր օրեր, գնացե՛ք շուտով,
Գնա՛ ձմեռ Հյուսիսի․
Գարուն, կանաչ ե՛կ թևերով․
Թող արձակվի ոստն վարդի։

Ես գարնան մեջ հոգուս սերը,
Սրտիս լարերն թաղեցի,
Որ գարնան հետ քո պատկերը
Գովասանեմ, սիրելի՜։

Comment here