ԳլխավորՄի կտոր գիրք

«Մարսյան հիրիկ». Մարտինա

«Մարսյան հիրիկ»

Լույս է տեսել Մարտինա Գյուլնազարյանի «Մարսյան հիրիկ» բանաստեղծությունների ժողովածուն։ Ներկայացնում ենք հեղինակի մի քանի գործեր։

***

Ես տեսնում եմ ուրվականդ,
ծանոթ փողոցի ետդարձին։

Ես նոր սեր էի փնտրում ինչ֊որ տեղ,
որտեղ կային ծուխ, գինի ու կիսամերկ կանայք,
կար մի աղջիկ՝ Կլեոպատրայի աչքերով,
կար տղա՝ գունավոր ներկված աչքերով։
Բոլորը սիրուն էին ու զզվելի,
մարդկային տտիպ նեխահոտն էր փչում։

Ինձ ջերմացնում էր մանյակը՝
տատիկիս նվերը մայրիկիս ու ինձ՝ պատահմամբ հասած։
Ես զուսպ էի իմ վայելքներում,
քանզի սովոր չեմ հաճույքին արդեն վաղուց։

Ես չգիտեի, որ մարտինին գլխիս կխփի,
որովհետև ցավն էր բռնում ինձ օրերով ու արբեցնում։

Ես պարել էի ուզում, տրվել ռիթմին,
բայց կուսական վախվորածությունը պատեց ինձ
ու պարազույգիս աչքերին նայելու փորձությունն ինձ վանեց։

Ես անկյունում նստած խռոված հյուրն էի երեկոյի։

…Վիսկի՛…
Գլուխը կորցնելու աստիճան արբել եմ ուզում
ու անունս հարցնել այս ջահելից։

Այդ լակոտը շատ էր ոգևորվել։
Նա գլուխը կորցրած կանանց հարցերը հաճախ էր լուծում,
հաջորդ օրերին էլ՝ վայբերով զզվեցնում,
մինչև խառնվում էին ամուսինները։

Ես անջատել էի հեռախոսս…
Ո՛չ զանգի եմ սպասում, ո՛չ էլ երեխայիս նկարն եմ նայում՝
որպես խեղդվող օրերիս փրկօղակ։

Այդ շփացած լակոտի կանեփոտ ձեռքը
հասավ փեշիս, հետո փեշիս տակ։
Լպրծուն դեմքին կեղտագույն աչքերը փայլեցին…

Վիսկիի բաժակով գլուխը երկու կես անելու համար քանի՞ տարի են տալիս։

Ես փակեցի հաշիվս, որ իմ հաշիվները չփակեն։

Հիմա դրսում եմ։
Քաղաքում լիքը թթվածին կա։

Շրջվում եմ ու… կարմիր թիկնոցով մարդ,
օրերի կաղությունը ետքից քարշ տալով, Ինձ է գալիս։
Ես քայլում եմ արագ, իսկ նա դանդաղ ուղեկցում է ինձ։

Ես տեսնում եմ ուրվականդ՝ ծանոթ փողոցի ետդարձին,
լյա֊լյա֊լյա, լյա֊լյա֊լյա, լյա֊լյա֊լյա…

***

Դու գեղեցիկ ես անպարկեշտության չափ
ու որքան էլ ճգնես թաքցնել,
դու բույր ես, լուծվում ես օդում
ու համ ես ծովին մոտ աճած կոկոսի։

Դու կրակ չես, ոչ էլ հագինդ,
բայց հերիք է հայտնվես ու կբռնկվեն։
Ջուրը կայրվի ու ինչ֊որ մեկը կքայլի այրվող ջրերի վրա։

Դու քամի ես նպաստավոր բաց ծովերում,
առագաստներից կառչած՝ փրկվում են հոգիները թշվառ,
ու ապրում են՝ շնչելով հյութդ կենսավետ,
ու թողնում են ծեգից դեռ ժամեր պակաս։

Անկողինները՝ թրջված ցողերով վարդի,
որ ամեն գալուց շաղ են տալիս,
մնում է թացությունը գիշերների,
ու ճիչերից հանգստանում են լուսաբացի ականջները։

Մոմերը հալված հատակն են լիզում
ու քծնում բույրով իրենց անկենդան,
մինչդեռ մեջքիդ անշարժացել է սարդը,
Մաշկացել ներկերի խառնուրդով։

Դու նոր բացված գիրք ես տատի սնդուկի,
որից չորացած թիթեռներ են թափվում,
ու նամակ ես ռազմաճակատի, որ այդպես էլ հասցեատիրոջը չի հասնում,
այլ դառնում է հուշ թանգարանների,
որոնք պատվում են ինչ֊որ նյութերով,
որ դարերով նամակը կենդանի պահեն,
Որ ձեռքերը ինչքան էլ ձգտեն,
Նրանց չդիպչեն։

***

Լքված սերերի մի ամբողջ ցուցակ,
Ժամանակի հիշողությունը պահում է իր մեջ,
Ու ամեն աշնան,
Տարեդարձիս հետ,
Փաթեթավորում,
Բերում է, քամահար նետում է դեմքիս։

Աչքերը տարբեր, բազմերանգ,
Տխուր նայում են ավերված սրտիս,
Որ իրենց բոլորից մասնիկ է կրում,
Եվ խառնում է զգացողությունը…
Ու խղճմտանքի ինչ֊որ աղաղակ,
Ալեկոծում է նոր գիտակցությունը։
Որ փափկության հետ մայրական սիրո,
Աշխարհի մաղձը խառնված օրվան,
Քաղցր թույներով սնում է ցուցակի անունները հատ֊հատ։

Դողացող շուրթերի հպում,
Բռնությամբ, ցավեցրած մարմին,
Հարևանցի, թեթև, չնախատեսված,
Հատուկ որոշված ժամ ու գինու տեսակ։

Բոլորը սիրո իմիտացիա.

Լուսաբացի լղոզված ստվերաներկի,
Ոտքի կապտուկի, պոկված մազերի,
Կեղտոտ զգեստի, ու սրտխառնուքի
Մի ամբողջ պտույտ, որի արանքում,
Հասցրել եմ սնվել, գրել, դատարկվել զուգարանում։

Ու օրերի հետ, տարեդարձիս հետ մոտալուտ,
Ցուցակի տողերը անցնում են բիբերիս միջով.
Ձեռքս բռնելու ու փրկելու կամք չունեցավ ոչ ոք։

***

Ես քեզ կփնտրեմ երկնքում շքեղ,
Աստղերի մեջ վառ, երկրից հեռու,
Քանզի հողը շատ է աղտոտված քայլերից մարդկանց։
Ամպերի մեջ են ոտքերդ վաղուց,
Իսկ սիրտդ երկնից նայում է ներքև։

Էլ չեմ ցավի, չեմ արտասվի, սիրելիս,
Քեզ պահել եմ չբաբախող սրտիս տակ,
Դու ինձ հետ ես արթնության ու քնի մեջ գիշերվա,
Եվ օրհնված է գոյությունս այսուհետ։

Ֆիզիկապես և՛ կաս, և՛ չկաս,
Ամենուր ես, ու ոչ մի տեղ, անորոշ,
Կարոտն ես հավերժական, մաշող,
Որ կհագենա երկնքում փառահեղ,
Ուր կգտնենք իրար դեգերումից ուժասպառ։

Մերն է հավերժը, աննյութեղենը, մեղեդին,
Ու Տիեզերքը անմեկին, որ կգրկի ջերմությամբ։
Ու կհաշտվեմ վերջապես, Նրա կամքին անվերծան,
Ու կծնկեմ վերստին Փառքի առաջ երկնքի։

Comment here